Ռուսաստանի խաղաղապահները նոր զրահատեխնիկա են ստացել

Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի՝ Սամարայի մարզում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանումը ստացել է ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Թեև աղբյուրը չի հստակեցնում ստացած զրահափոխադրիչների քանակը, սակայն տեղեկացնում է, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում դրանց թիվը հասցվելու է մոտ 100 միավորի։ Նախատեսված է, որ ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչները փոխարինելու են խաղաղապահների տրամադրության տակ եղած ԲՏՌ-70 հին մոդելի զրահափոխադրիչներին։

ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչը փորձարկումների ժամանակ

ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչը փորձարկումների ժամանակ

Նշենք, որ նույն տեսակի 80 միավոր զրահափոխադրիչներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2014-ի մայիսին մատակարարել է նաև Աբխազիայում տեղակայված սեփական ռազմաբազային։

8×8 ընթացամասով ԲՏՌ-82ԱՄ անվավոր զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Այն խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչի ռուսաստանյան նորագույն արդիականացումն է:

ԲՏՌ-82ԱՄ արդիականացումը զրահափոխադրիչի բազային տարբերակից տարբերվում է սպառազինությամբ. բազային 14,5 մմ ԿՊՎՏ գնդացրի փոխարեն ԲՏՌ-82ԱՄ տարբերակի վրա տեղադրված է 30 մմ 2Ա72 ավտոմատ թնդանոթ, որին կցված է 7,62 մմ ՊԿՏ գնդացիրը: Բացի այդ, ԲՏՌ-82ԱՄ-ի վրա տեղադրված են սպառազինության կայունացման համակարգ, ինպես նաև օդափոխիչ ու այլ սարքավորումներ: Զրահափոխադրիչի վրա ավելացվել է նաև հակաբեկորային պաշտպանության հավելյալ զրահ:

Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-82ԱՄ-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *