Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12

3 զինծառայողներ վիրավորվել են զորավարժության ժամանակ: Ավտովթարից տուժել է 2 սահմանապահ: Բելառուսն Ադրբեջանին 2 մարտկոց ԶՀՀ է վաճառել: Ադրբեջանը գործարկել է իր  «Լինքս» ՀԿՌԿ-ն:

Ուկրաինան զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ է վաճառել Ադրբեջանին:

«Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ)

«Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ)

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Հաշիմլի Բահրամ Մաղերամ օղլուն, Մամեդով Օրհան Ալլահվերդի օղլուն և Աղալարազադե Ռահիմաղա Ասքեր օղլուն արկերի հետ անզգույշ վարմունքի հետևանքով վիրավորվել են հուլիսի 8-ին Ադրբեջանում ընթացող զորավարժությունների ժամանակ։

Ադրբեջանի ճանապարհատրանսպորտային ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 9-ին երկրի հարավային Մասալլըի շրջանում՝ Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի 164-րդ կիլոմետրին, կողաշրջվել է Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան։ Դրա պատճառով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 2 զինծառայողներ։

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ, 1964-ին ծնված Միրզա Վելի օղլու Համզաևը, որը ոչխարների հոտն արածեցնում էր առաջնագծի Աղդամի ուղղության հատվածում, վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների և զինուժի հրամանատարական կազմի ներկայությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Թե որտեղ են դրանք անցկացվում, պաշտոնական աղբյուրները չեն հիշատակում, միայն հայտնի է, որ դրանք ընթանում են առաջնագծում։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սույն թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ վերջինս հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Կասպից ծովի նավթահանքերի պաշտպանության համար ձեռք բերելEurosam եվրոպական կոնսորցիումի արտադրած, միջին հեռահարության SAMP/T զենիթահրթիռային համալիր։

Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որը զբաղվում է հիմնականում ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ ու ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ, Ադրբեջանին վաճառել է 2 մարտկոց Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), և պատրաստվում է Ադրբեջանի համար «ավելի խոշոր պատվերի կատարմանը»։

2013-ին Ուկրաինան մասնավորապես Ադրբեջանին վաճառել է ԲՏՍ-5Բ (БТС-5Б) զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ՝ այլ կերպ ասած՝ զրահապատ քարշակներ, որոնք նախատեսված են մարտի դաշտում շարքից դուրս եկած ծանր զրահատեխնիկայի քարշակման համար:

Ադրբեջանական AzTV հեռուստաընկերությունը ցուցադրել է Ադրբեջանի ԶՈւ «Լինքս» (Lynx) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկման կադրեր՝ հաղորդելով, որ դրանցից արձակված IMI Extra հրթիռները «հաջողությամբ խոցել են 42 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները»։

Իրանական աղբյուրների համաձայն՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ)  իսլամիստական խմբավորումը, որը գրավել է ներկայիս Իրաքի հարավարևելյան զգալի հատվածը և մոտեցել է Բաղդադին, լուրջ մտադրություններ ունի ամրապնդվելու նաև ժամանակակից Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։

-Վերջին շրջանում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում արգելվում է նամազ անել՝ աղոթել, բացի այդ արգելվում է կրոնական մի շարք արարողություններ, ինչն էլ հանգեցրել է զինծառայողների դժգոհությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը՝ հավաստիացնելով, թե խոսքը ոչ թե բոլոր զորամասերի, այլ առաջնագծի ու դիրքերի մասին է։

Ադրբեջանական «Ազերիգազ» պետական արտադրական միավորման աշխատակիցները հուլիսի 5-ին հարցազրույց են տվել լրագրողներին՝ դժգոհելով, որ ղեկավար անձնակազմը կրճատումների շրջանակներում աշխատանքից հեռացնում է առաջին հերթին Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերաններին:

2014-ի հուլիսի 8-ին Բաքվի զորամասերից մեկում կայացել է Ադրբեջանի զինված ուժերի 30 զինծառայողների՝ ռոտացիոն սկզբունքով Աֆղանստան ուղարկելու արարողությունը։ Նրանք ծառայություն են անցնելու ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծի հատվածում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասեր, իսկ թե հստակ որ հատվածում, ադրբեջանական աղբյուրները լռում են:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *