Սփյուռքահայ երիտասարդները ՀՀ ՊՆ-ում էին

Պաշտպանության նախարարությունում հուլիսի 11-ին կայացել է նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: 

ՀՀ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները

ՀՀ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի հզորացման գործին:

Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` Սեյրան Օհանյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանկալի հյուր են պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի Հայաստան ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրեց զինված ուժերի զարգացման փուլերը, հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները:

Նախարարն ընդգծեց, որ հայկական բանակն օրեցոր կատարելագործվում է և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև սփյուռաքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և ՀՀ զինված ուժերի պատրաստությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, ջերմագին ընդունելության համար շնորհակալ լինելով պաշտպանության նախարարին, հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *