Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12

Թուրքիան սեփական կապի արբանյակն է ստեղծում, Էգեյան ծովում թուրք-հունական լարվածությունը պահպանվում է, թուրքական առաջին A400M ինքնաթիռն առաջին արտասահմանյան թռիչքն է կատարել, զորվարժություն և ռազմարդյունաբերական նորություններ՝

” Թուրքիան շարունակում է աշխատանքները տեղական Türksat 6A (Թյուրքսաթ 6Ա) արբանյակի ստեղծման ուղղությամբ։ Թուրքիայում արտադրվող առաջին արբանյակը կապի է, այն կիրառվելու է նաև ռազմական նշանակությամբ։ Նախագիծը գնահատվում է շուրջ 250 մլն ամերիկյան դոլար։ Այն իրականացնում է թուրքական «Թյուբիթաք» ընկերությունը տեղական «Հավելսան» և «Ասելսան» ընկերությունների հետ։

” Թուրքական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը «կուլ է տվել» իր դուստր ձեռնարկություններից ՄիՔԵՍ (MiKES)-ին։ Վերջինս ամբողջովին ձուլվել է «Ասելսանին» և այսուհետ լինելու է նրա մասերից մեկը։ Մինչ այս էլ ՄիՔԵՍ-ի բաժնետոմսերի 96.3 տոկոսը պատկանում էր «Ասելսանին», սակայն այն որպես առանձին ձեռնարկություն էր հանդես գալիս։

” Թուրքիան շարունակում է հունական կողմին մեղադրել իր ջրային տարածք ներխուժելու համար։ Այս անգամ էլ Հունաստանի պարեկային կատերը հուլիսի 6-ի ուշ երեկոյան շուրջ 20 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում՝ Այդինի մոտ, ինչից հետո հեռացել է։ Լուրջ միջադեպ չի գրանցվել, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։ Նշենք, որ վերջին շաբաթներին Թուրքիան հաճախ է մեղադրում հույներին իր օդային և ջրային սահմանները խախտելու, ինչպես նաև թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքները խանգարելու համար։

” Այս տարվա մայիսին Թուրքիայի զինված ուժերին փոխանցված առաջին A400M բեռնատար ինքնաթիռն իր առաջին արտասահմանյան թռիչքն է կատարել։ Հուլիսի 2-ին թուրքական A400M-ն ուղեկցել է ցուցադրական թռիչքների համար Մեծ Բրիտանիա թռչող «Սոլոթուրք» ավիացիոն խմբին։ Հուլիսի 4-ին Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռը վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում, որտեղից Թուրքիա է տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։

” Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեկնելու են Ստամբուլ՝Թուրքիայի հետ համատեղ «Բաց ծովային զորավարժություններին» մասնակցելու նպատակով։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 6-12 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *