Ինդոնեզիան գերմանական Leopard տանկերի սպառազինություն է արտադրելու

Ինդոնեզական PT Pindad ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախատեսում է գերմանական Leopard (Լեոպարդ) տանկերի համար սպառազինություն, մասնավորապես 120 մմ արկեր արտադրել սեփական գործարաններում: Այս մասին տեղեկությունը դրված է ընկերության կայքում:

Ըստ այդմ՝ ընկերությունը վերջնական բանակցություններ է վարում Leopard տանկերն արտադրող գերմանական Rheinmetall ընկերության հետ, որպեսզի ստանա արկերի արտադրության արտոնագիր: Բացի արտոնագիրը, ինդոնեզական PT Pindad-ը մտադիր է ստանալ նաև գերմանական տեխնոլոգիաները: Ինդոնեզական ընկերությունը հայտնում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում արկերի արտադրությունը կարող է սկսել արդեն 2015 թվականին ու դրանք մատակարարել Ինդոնեզիայի զինված ուժերին:

Ինդոնեզիայի՝ Գերմանիայից ստացած առաջին երկու Leopard-2A4 տանկերը

Ինդոնեզիայի՝ Գերմանիայից ստացած առաջին երկու Leopard-2A4 տանկերը

Հիշեցնենք, որ 2012-ին Ինդոնեզիան Գերմանիայի հետ կնքել էր պայմանագիր, որով գերմանական կողմը սեփական զինված ուժերի սպառազինությունից ինդոնեզական կողմին պիտի տրամադրեր 103 միավոր օգտագործված զրահատեխնիկա: 103-ից 10 միավորը պիտի լինեին նորոգման-տարհանման, կամրջադիր ու այլ ինժեներական զրահատեխնիկա: Մնացած 93 միավորը պիտի լինեին տանկեր՝ 32-ը՝ Leopard-2A4, իսկ մնացած 61-ը՝ Leopard-RI արդիականացումներ (RI ” Republic of Indonesia՝ Ինդոնեզիայի Հանրապետություն):

Ինդոնեզական արդիականացումը նախատեսված է հատկապես քաղաքային մարտերի համար: Այն կունենա մոդուլային զրահ, որը պատրաստված կլինի պողպատի ու տիտանի համաձուլվածքից ու կերամիկական շերտերից: Զրահի մոդուլային կառուցվածքը թույլ կտա դաշտային պայմաններում փոխարինել զրահի վնասված հատվածներն ու տեղադրել նոր զրահաշերտեր:

Նշենք, որ առաջին երկու միավոր Leopard-2A4 տանկերը Ինդոնեզիան ստացել է 2013-ի սեպտեմբերին: Այսպիսով Ինդոնեզիան դարձավ աշխարհում 17-րդ երկիրը, որի սպառազինության մեջ ընդգրկվեց Leopard տանկը:

Հիմնական մարտական տանկի Leopard-2A4 արդիականացումը ստեղծվել է 1985-1987 թթ և համարվում է աշխարհի լավագույն տանկերից մեկը։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթն ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրներ։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *