Ճապոնիայի պաշտպանության նախարարն այցելել է F-35 կործանիչների գործարան

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան 2014-ի հուլիսի 8-ին այցելել է ԱՄՆ Տեխաս նահանգում Lockheed Martin ընկերության գործարան, որտեղ արտադրվում են հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։ Այցի ընթացքում նախարարը որոշ ուշագրավ հայտարարություններ է արել նաև Ճապոնիայի պատվիրած կործանիչների և պատվերի հետագա ծավալների հնարավոր մեծացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Իցունորի Օնոներան գործարանում շրջայցի ժամանակ

Իցունորի Օնոներան գործարանում շրջայցի ժամանակ

Օնոդերան նշել է, որ եթե կործանիչների գինը նվազի, Ճապոնիան հավանաբար կավելացնի դրանց պատվերի ծավալը, որը ներկայումս 42 միավոր է։ Նախարարն արել է նաև տնտեսագիտական դիտարկում՝ նկատելով, որ ինչքան մեծ լինի տարբեր երկրների կողմից կործանիչների նախնական պատվերի քանակը, այնքան ցածր կլինի F-35-ի շուկայական գինը։

Նշենք, որ Ճապոնիայի համար նախատեսված F-35 կործանիչներից առաջինի արտադրությունը կսկսվի արդեն ընթացիկ տարվա օգոստոսին։ Առհասարակ, 2014 ֆինանսական տարում Ճապոնիան դրանց գնման համար հատկացրել է 627 միլիոն ամերիկյան դոլար, ինչի դիմաց նախատեսվում է ստանալ 4 ինքնաթիռ։ Ավիապարկի՝ նոր ինքնաթիռներով համալրումը ծագող արևի երկրի համար դարձել է ավելի հրատապ այն բանից հետո, երբ 2014-ի փետրվարին ուժեղ ձնաբքի պատճառով վնասվեց ու շահագործման համար ոչ պիտանի դարձավ 6 միավոր պարեկային Р-3С Orion ինքնաթիռ։ Հին դառնալու պատճառով շահագործման համար ոչ պիտանի են դարձել նաև ռազմաօդային ուժերի մի շարք այլ ինքնաթիռներ։

Նկատենք, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարի այցը Lockheed Martin-ի գործարան համընկել է ընկերության համար բավական բարդ ժամանակաշրջանի հետ։ Պատճառը 2014-ի հունիսի 23-ին գրանցված միջադեպն է, երբ ուսոմնական թռիչքներից մեկի ժամանակ բռնկվեց F-35A կործանիչի շարժիչը։ Ներկայումս ԱՄՆ բանակի հրամանատարությունը արգելել է թռիչքներն ու դրան զուգահեռ ժամանակավորապես դադարեցրել կործանիչների հերթական խմբաքանակի գնումը, մինչև հատուկ ստեղծված հանձնաժողովը կպարզի F-135 շարժիչի վրա ծագած հրդեհի պատճառը։

Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և նավատորմի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվեր ի թիվս այլ երկրների ներկայացրել է նաև Թուրքիան։

One response to “Ճապոնիայի պաշտպանության նախարարն այցելել է F-35 կործանիչների գործարան

  1. Pingback: Մեծ Բրիտանիան և Ճապոնիան կմիավորեն իրենց ուժերը F-35 կործանիչի հրթիռների ստեղծման համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *