Ռուսաստանյան ուղղաթիռները չեն խախտել Վրաստանի օդային տարածքը. ՌԴ ՊՆ

Վրաստանի ՆԳՆ-ն օրերս հայտնել էր, թե ՌԴ օդուժին պատկանող ուղղաթիռներից մեկն առանց թույլտվության ներխուժել է Վրաստանի օդային տարածք Հարավին Օսիայի հետ սահմանի կողմից։ ՌԴ-ն հերքում է, որ ուղղաթիռն իրեն է պատկանել։ 

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի»  լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերին, ՌԴ օդուժի ուղղաթիռները նշված ժամանակահատվածում՝ հուլիսի 10-ին ժամը 11։00-ի սահմաններում, թռիչքներ չեն կատարել սահմանային հատվածում։ Վրացական կողմն այնուհանդերձ պնդում է, որ իր օդային տարածք մտած «ռուսաստանյան ուղղաթիռը» թռել է Ցխինվալի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մարտի 6-ին  Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Թբիլիսիի ժամանակով 12։20-ի սահմաններում ՌԴ օդուժի Մի-8 ռազմական ուղղաթիռը խախտել էր Վրաստանի օդային սահմանը՝ թռիչք կատարելով Ցխինվալի շրջանից։ ՌԴ-ն կրկին հերքել էր տեղեկությունը։

2014-ի հունվարի 15-ին լուրեր էին շրջանառվել, որ ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիե վիտյազի» ավիախումբը Բահրեյն ուղևորվելու ճանապարհին անցել էր Վրաստանի օդային տարածքով։ Սակայն վրացական «Գրուզաերոնավիգացիա» ԲԲԸ-ն ժամեր անց հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ հերքելով թե´ ՌԴ ավիացիոն խմբի՝ վրացական օդային տարածք մուտք գործելու, թե´ հունվարի 20-ին նույն փորձը կրկնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

Հավելենք, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունների վատթարացման հետևանքով ռուսաստանյան ինքնաթիռներն ըստ պաշտոնական տվյալների Վրաստանի օդային տարածքում չեն հայտնվել 2008-ի օգոստոսից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *