Ռուսաստանը Բելառուսին անվարձահատույց փոխանցում է Ս-300 համալիրներ

Ռուսաաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել է պայմանագիր, ըստ որի՝ ռուսաստանյան կողմը պատրաստվում է Բելառուսին անվարձահատույց տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համալիրներ: Համալիրների փոխանցման համար Ռուսաստանը սպասում է բելառուսական կողմի ստորագրությանը:

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյոլինը: Պաշտոնյայի խոսքով՝ պայմանագրում նշված են թե´ տրամադրվելիք համալիրների քանակը, թե´ դրանց տրամադրման ժամկետները, սակայն Բիրյուլինը հրաժարվել է բացահայտել այդ մանրամասները: Պաշտոնյան չի նշել նաև, թե Ս-300 համալիրների որ տարբերակից է Ռուսաստանը պատրաստվում փոխանցել Բելառուսին:

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Չնայած դրան՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը համալիրները Բելառուսին տրամադրում է ռուս-բելառուսական տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման ծրագրի շրջանակում: Իսկ դեռևս 2013-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանը պատրատսվում է 4 միավոր նման համալիրներ տրամադրել բելառուսական կողմին՝ նույն ծրագրի շրջանակներում:

Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին պայմանավորվածությունը Մոսկվան ու Մինսկը կնքվել էին դեռևս 2009-ի փետրվարին։ Նախատեսված էր դրա հիման վրա ստեղծել ԱՊՀ արևելաեվրոպական մասի միասնական ՀՕՊ համակարգ։ Արդեն 2012-ի վերջին նախատեսված էր ստեղծել այդ համակարգի էլեկտրոնային կառավարում, որը կիրականացվեր ավտոմատացված ռեժիմով։

Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։ Այս մասին նախորդ տարվա նոյեմբերին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2014-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ Նշենք, որ  յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից։ Իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։

Հետագայում՝ 2014-ի մայիսի 26-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեց ՌԴ-ի հետ համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման համար օրենքը:

Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։

Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ ինը պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենիան։

2 responses to “Ռուսաստանը Բելառուսին անվարձահատույց փոխանցում է Ս-300 համալիրներ

  1. Pingback: Բելառուսն անվարձահատույց 4 միավոր Ս-300 ԶՀՀ կստանա Ռուսաստանից | Ռազմ.info

  2. Pingback: Բելառուսը մտադիր է Ս-400 համակարգեր գնել Ռուսաստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *