Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, հաստատել է Հայաստանի հետ Անհատական գործընկերության ծրագիրը

Թուրքիան Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ է, բայց ինքն էլ է եղել այն երկրների թվում, որոնք հաստատել են Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։ Այսինքն՝ այն, ինչ-որ արձանագրված է այդ փաստաթղթում, հավանության է արժանացել նաև մեր հարևանի կողմից, ում հետ մենք չկարգավորված հարաբերություններ ունենք։ ՆԱՏՕ-ն քաջալերում է, որ իր անդամներն իրենց անմիջական հարևանների հետ լավ հարաբերություններ ունենան։ Երբ 2009 թվականին Ցյուրիխում բանակցում էին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ, ՆԱՏՕ-ն ևս պաշտոնապես իր աջակցությունը հայտնեց, բայց, ցավոք սրտի, Թուրքիան չվավերացրեց դրանք։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը

Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը։
Մամուլի ասուլիսի մասնակիցներից ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին էլ նշեց, որ բոլոր տեսակի համագործակցությունների համար ՆԱՏՕ-ն հաշվի է առնում յուրաքանչյուր երկրի անհատականությունը։

«Յուրաքանչյուր գործընկեր երկիր ինքն է որոշում իր համագործակցության մակարդակն ու ինտեգրվելու չափը։ Եվ դրանով մենք հարգում ենք գործընկեր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»,- նշեց Դեսպինա Աֆենտուլին։

ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլի

ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլի

Անդրադառնալով նաև հակամարտություններին` բանախոսները նշեցին, որ այդ հարցի վերաբերյալ ՆԱՏՕ-ն պարբերաբար հայտարարում է, որ առաջնային պետք է լինի բանակցային սկզբունքը, և որ ուժի կիրառման սկզբունքն անընդունելի է։
Հավելենք, որ քննարկվեց նաև Հայաստանի ներգրավվածության հարցը Աֆղանստանում խաղաղապահ առաքելության շրջանակներում։

«Հայաստանն Աֆղանստանում ունի 121 զինծառայող։ Ու մենք էլ առաքելության ավարտին ի թիվս մյուս երկրների դուրս կբերենք մեր զորախումբը»,- շեշտեց Սամվել Մկրտչյանը։

Շարունակելով թեման` Դեսպինա Աֆենտուլին նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ թվաքանակով է մասնակցում Աֆղանստանում իրագործվող առաքելությանը։

«Եթե Հայաստանն այսօր կամ վաղը որոշի իր զորախումբը դուրս բերել այնտեղից, դա իր իրավունքն է լինելու։ Նույնը Վրաստանի դեպքում կլինի»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչը։

Տեղեկացնենք, որ ասուլիսը նվիրված էր Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 20-ամյակին: Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև «Հայաստան-ՆԱՏՕ. Նորագույն պատմություն» գիրքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *