Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտեր են ընթացել

Սիրիայում մայիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին անգամ վերջին հիսուն տարում կայացել են բազմակուսակցական սկզբունքով։ Չնայած այդ փոփոխությանը՝ ընդդիմությունը միևնույն է չի մասնակցել ընտրություններին և կոչ է արել բոյկոտել ընտրությունները՝ համարելով դրանք խեղկատակություն։ Ընդդիմադիրները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը։

Միաժամանակ Սիրիայի արևելքից հայտնում են, որ Դեր Զոր քաղաքում կառավարական զորքերի և ապստամբների միջև կատաղի մարտեր են ընթացել։ «Ռեյթերս» գործակալությունը՝ հղում տալով տեղի բնակչությանը, հայտնել է, որ մարտերը դադարել են միայն առավոտյան։

Ներկա պահին Սիրիայում ՄԱԿ-ի հիսուն դիտորդ է գտնվում։ Նախատեսվում է մինչև մայիսի վերջ դիտորդների թիվը հասցնել երեք հարյուրի։ Չնայած դիտորդների ներկայությանը՝ սիրիական օրինապահները համարյա ամեն օր հայտնում են  տասնյակ զոհերի մասին։

ՄԱԿ-ի տվյալներով մինչ օրս Սիրիայում զոհվել են ավելի քան 10 հազար մարդ։

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) Սիրայում կարգավորումների հարցերով հատուկ պատվիրակ  Քոֆի Անանի մամլո խոսնակ Ահմեդ Ֆաուզին հայտնել է, որ Անանի՝ սիրիական կրիզիսի կարգավարման նախագիծն իրականացվում է տեղի իշխանությունների հետ համատեղ։ Նա չի պատասխանել այն հարցին, թե Քոֆի Անանն արդյոք բավարարված է իր նախագծի իրագործման ընթացքից ու նշել է միայն, որ գործընթացը «շատ դանդաղ է առաջ շարժվում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *