Ադրբեջանը ցուցադրել է իսրայելական «Լինքս» ՀԿՌՀ գործարկումը

Ադրբեջանական AzTV հեռուստաընկերությունը ցուցադրել է Ադրբեջանի ԶՈւ «Լինքս» (Lynx) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկման կադրեր՝ հաղորդելով, որ դրանցից արձակված IMI Extra հրթիռները «հաջողությամբ խոցել են 42 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները»։

«Լինքս» (Lynx) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկման կադրեր

«Լինքս» (Lynx) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկման կադրեր

Այս ՀԿՌԿ-ի արտադրողն իսրայելական Israel Military Industries ընկերությունն  է։ Ադրբեջանն այս համակարգերը ձեռք է բերել ամենայն հավանականությամբ 2008-ին։

Նշենք, որ IMI Extra հրթիռներն ունեն 306 մմ տրամաչափ, երկարությունը 3.97 մ է, մարտական մասի զանգվածը՝ 125 կգ, մեկնարկային զանգվածը՝ 450 կգ։ Ընդ որում, 130-135 կմ հեռավորությամբ կրակի պայմաններում սույն հրթիռները կիրառում են GPS-ով ուղղորդում, որն ապահովում է մոտ 10 մ-ի շրջանային հավանական շեղում։

Բացի EXTRA հրթիռներից՝ այս համակարգերը կարող են օգտագործել թուրքական արտադրության T-122 122 մմ տրամաչափի (20-ական հրթիռ ամեն մի կոնտեյներում) ու իսրայելական արտադրության LAR 150 մմ տրամաչափի (13-ական հրթիռ ամեն մի կոնտեյներում) հրթիռներ։

Հիշեցնենք, որ 2008-ի հունիսի 26-ին, երբ Ադրբեջանում 1992 թվականից ի վեր առաջին անգամ զորահանդես եղավ, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի ցուցադրվեցին նաև իսրայելական համազարկային կրակի ռեակտիվ երեք «Լինքս» համակարգեր` ԲՄ-21 Գռադի, LAR-160 և  EXTRA կոնտեյներներով, որոնք անցան մեկ շարքով։ 2008 թվականի և 2011 թվականի զորահանդեսներին Ադրբեջանի ցուցադրած «Լինքսերը», ինչպես նաև տեղափոխող-լիցքավորող մեքենաները մոնտաժված էին «ԿամԱԶ-63502» շասսիի վրա։

«Իսրայելական» «Լինքս» համակարգերը 2011թ. ադրբեջանական զորահանդեսի ժամանակ

«Իսրայելական» «Լինքս» համակարգերը 2011թ. ադրբեջանական զորահանդեսի ժամանակ

Նկատենք, որ «Նայզա» անվան տակ «Լինքսերի» արտադրությունը Ղազախստանում սկսվել է 2007-2008 թվականներին, ղազախական արտադրության «ԿամԱԶ-63502» շասսիով, իսկ իսրայելական ընկերությունների կապալառուն այդ համակարգերի մատակարարման հարցով եղել է ղազախական «Պետրոպավլովսկի ծանր մեքենաշինության գործարանը»։ «Նայզան» առաջին անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրվել է 2008-ի մայիսի 7-ին Ղազախստանում, իսկ արդեն 2008-ի հունիսի 26-ին «ԿամԱԶ-63502»-ի շասսիով երեք «Լինքսեր» հայտնվեցին ադրբեջանական զորահանդեսին, և կարելի է վստահ լինել, որ այդ պահին այդպիսի այլ համակարգեր Ադրբեջանում դեռ չկային։ Իրադարձությունների այս ընթացքն ու փաստերը հիմք են տալիս վստահ պնդելու, որ Ադրբեջանի ցուցադրած իսրայելական «Լինքսերն» իրականում ղազախական արտադրության «Նայզաներն» են, թեև, համաձայն իսրայելա-ղազախական պայմանագրի, գնվել են Իսրայելից։

Նշենք նաև, որ իսրայելա-ղազախական տապալված մյուս նախագծերից «Այբատը» նույնպես հայտնվեց Ադրբեջանում։ 2008-ի վերջին ղազախ մասնագետները հայտարարեցին, որ «Նայզայի» շահագործումն անվտանգ չի անձնակազմի համար. կրակի ժամանակ հրթիռների արձակած շիթը հաճախ ըկնում է մարտական մեքենայի կամ կաբինայի վրա, որտեղ այդ պահին մարդիկ են լինում։

Հարկ է շեշտել նաև, որ «Լինքսեր» վաճառվել էին նաև Վրաստանին, որոնք օգտագործվել էին օսեթական պատերազմի ժամանակ։ «Լինքսերի» մարտական կիրառման փորձից վրացիները դժգոհ էին մնացել ցածր ճշտգրտության և չպայթող հրթիռների մեծ տոկոսի պատճառով։ 

2 responses to “Ադրբեջանը ցուցադրել է իսրայելական «Լինքս» ՀԿՌՀ գործարկումը

  1. Pingback: Ադրբեջանը ցուցադրել է իսրայելական «Լինքս» ՀԿՌՀ գործարկումը Ռազմ.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *