Արշակ Սարուխանյանը բարձր մակարդակի հետքախույզ էր. հիշում են մարտական ընկերները

Վաղոյի թաղման արարողության ժամանակ մինչև վերջ ձիգ կանգնած էի, իսկ Արշակի շիրմաքարի փոխարեն այստեղ ծառ էր։  Երբ փոսի մեջ լցվող քարերի ձայնը լսեցի, ուշագնաց եղա։ Արշակն ինձ ասաց. «Նայի´ր, այս ծառի տեղն իմ տեղն է լինելու, ու եթե քեզ նույն ձևով պահես, քեզնից կնեղանամ….վերջում էլ իմ թմբի մոտ կերգեք»։

Հատուկ նշանակության խմբի հետախույզ Արշակ Սարուխանյանը

Հատուկ նշանակության խմբի հետախույզ Արշակ Սարուխանյանը

Հուլիսի 9-ը հատուկ նշանակության խմբի հետախույզ Արշակ Սարուխանյանի զոհվելու օրն է։ Նրա շիրմաքարի մոտ մարտական ընկերոջից պատմում էր Օֆելիա Գրիգորյանը կամ ինչպես ինքն է նշում ավելի հայտնի անունով՝ Թիֆլիսի Օֆոն։

Հատուկ գործողությունները շատ հաճախ իրականացվում էին Վրաստանի և Ադրբեջանի տարածքում։

«Ամենահարմարը մեր տունն էր Թիֆլիսում։ Հանձնարարության ժամանակ եկել էին Արտակը, Արշակն ու Սերգեյը։ Երեկոյան առանձնանում էին սենյակում իբր քնելու, բայց զգում էի, որ ինչ-որ բաներ են քննարկում, ծրագրում։ Ես էլ իմ հետախուզությունն էի արել արդեն ու առավոտյան իրենց հետևից դուրս եկա։ Երբ հասանք տեղ, պիտի մի քանի ավտոբուս պայթեցնեինք, չգիտես ինչու սարքը չգործեց, տղաները խառնվել էին իրար։ Չնայած արդեն բացահայտվել էր գործողությունը, բայց տղաներին արագ տեղեկացրի ու նրանք տեղափոխվեցին մեր մեքենան։ Մեր աղջիկներից մեկն էլ՝ Անահիտն այդ պայուսակները գցել էր շուկայի աղբամանների մեջ։ Այդ աղբամանների մոտ ադրբեջանական բենզինի մեքենաներ էին կանգնած։ 5-6 մեքենա պայթեց։ Մառնեուլում էինք 1991 թվականի գարնանը։ Մենք էլի մարդկանց փոխանակման խնդիր ունեինք, դրա համար էլ այսպիսի գործողություններ էինք անում: Հետո Արշակն ասաց, որ ուղղակի իրենք գործողություններում մեզ չներգրավվելով խորձում էին խնայել մեզ», -պատմությունը շարունակում է տիկին Օֆելիան:

Օֆելիա Գրիգորյան

Օֆելիա Գրիգորյան

Հետո զրուցում ենք Արշակի բնավորության, մարդկային հատկանիշների մասին: Պատմում  են` շատ բարի է եղել: Իր մարտական ընկերոջ բարիության մասին հետախույզ Վովա Վարդանովն ասում է. «Շատ բարի էր, զինվորին չսազող։ Բայց միևնույն ժամանակ կառավարում էր իրեն։ Մի օր կաթվի ձագի թաթը կոտրվել էր, համարյա լացում էր, բայց դրան զուգահեռ կարող էր կենդանու քերթել»:

Օֆելիա Գրիգորյանը Վրաստանում Թբիլիսիի մարտական խմբի (Հայաստան եկող խմբերի)պատասխանատուն է եղել, դրա համար էլ ամենահարմար տունն իրենցն է եղել իջևանելու համար:

«Մեր տանն ամենաշատն Արշակն է եղել,  ընտանիքում չէին էլ պատկերացնում, որ նա հետախույզ կարող է լինել։ Չափից ավելի բարի էր, որն իր դեմ էր աշխատում։
Մեծամտության սինդրոմ չուներ,  երբևէ «ես»-ի խնդիր չէր դնում։ Մարդասեր էր, կյանք էր շատ սիրում»,- շարունակում է Օֆելիա Գրիգորյանը:

Արշակի մարտական ընկերներն ու հարազատները նրա շիրիմի մոտ

Արշակի մարտական ընկերներն ու հարազատները նրա շիրիմի մոտ

Հետախույզ Վովա Վարդանովը 1989 թվականին պիտի հատուկ նշանակության խումբ հավաքեր: Գալիս էին հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայած տղաներ, հիմնականում Լագոդեխի բրիգադում ծառայածները:

«Աֆղանցիների ջոկատում Կարեն անունով մի տղա կար, ասաց. «Վարդան ջան, մի տղա կա, հատուկ նշանակության ջոկատում է ծառայել, կարո՞ղ է ինքն էլ մասնակցել»: Ասացի` դե եթե լավ զինվոր է եղել ու պատրաստված` կարող է:  Արշակին ձայն տվեցին, մոտեցավ։ Աչքերը համարյա չբարձրացրեց խոսելիս։ 96-97 հոգի մարդ էր հավաքվել արդեն այդ ջոկատի համար, բայց քանի որ ինքը կամավոր եկել էր, իրեն արդեն որպես ջոկատի անդամ էի նայում։ Հետագայում երբ սկսեցինք ուսումնական ելքեր ունենալ, տեսա, որ շատ պատրաստված է: Բարձր մակարդակի հետքախույզ էր իր նման անձայն քայլող ինքն ու Արտակն էին։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության առումով էլ էր դիմանում, թեև արտաքինից շատ նիհար էր երևում»,- իրենց առաջին հանդիպման մասին պատմում է Վովա Վարդանովը:

Արշակ Սարուխանյանի մայրը` տիկին Սուսաննան

Արշակ Սարուխանյանի մայրը` տիկին Սուսաննան

Մայրը` տիկին Սուսաննան, Արշակի գործողություններին մասնակցելու մասին իմացել էր, երբ խմբի գործունեության համարյա մեկ տարին էր լրանում:

«Հայրը տեղյակ էր, ինձ համար էր անակնկալ, շատ է վախեցել: Ինքը ԽՍՀՄ-ում ծառայել է դեսանտային զորքերում ու Չիռչիկ զենք էր տանում բերում: Ինձ ասում էր, որ գնում են պարապունքների ու դեռ 5 տարի պետության հսկողության տակ են, իրենց չեն տանում կռիվների: Ես երբեք չէի մտածում, որ կարող է անմեղ սուտ խոսել: Սա ինձ համար անմեղ սուտ է»,- որդուն «բացահայտելու» մասին հիշում է մայրը:

«Մի անգամ էլ 1991 թվականին Իջևանում էինք, անհանգիստ էր, մեզ հետ չմնաց, ինքը շուտ եկավ: Մենք էլ մայիսի 3-ին Իջևանից շուտ եկանք, դուռը բացեցինք ու տեսնենք տան հատակին հանդած զենք է: Մոնթեն էր հետը, տեսավ ինձ ասաց.«Մարիկ, մի վախեցիր հիմա կհավաքենք»,- շարունակում է մայրը:

Արշակը կարող էր օրերով քաղցած մնալ, բայց երբ ուտում էր, պիտի համով բան ուտեր։ Իսկ քանի որ Վրաստանում տիկին Օֆելիայենց տանն էին մնում, նրա մայրն արդեն սովորել էր բոլորի նախասիրություններն ու ըստ դրանց էր ճաշ պատրաստում:

Արշակ Սարուխանյանը

Արշակ Սարուխանյանը

«Մի օր առավոտյան մամաս հարցրեց, թե ով ինչ նախասիրություն ունի ու ինչ պատրաստի նրանց համար։ Արշակը ձու էր շատ սիրում, մայրս էլ 6-7 թվի ձվածեղ էր պատրաստել, հետո եկավ ասաց, որ Արշակը կարծես թե սոված մնաց։ (Ժպտում է): Արշակը Դիլիջանում մի անգամ 30 ձվից պատրաստված ձվածեղ է կերել, բա սոված կմնար էլի»,- պատմությունը շարունակում է Օֆելիա Գրիգորյանը:

Արշակ Սարուխանյանը սիրած աղջիկ ուներ՝ Լիանա էր անունը, իր մարտական ընկերոջ՝ Կարենի քույրն էր։ Որոշել էր այդ գործողությունից հետո ամուսնանալ, թեև դեմ էր պատերազմի ընթացքում ամուսնանալուն։

Հերթն ամուսնանալուն չհասավ….

«Մեր Չուգուն Կամոն`Դանիելյան Կամոն, որ մի քանի շարք վերևում է պառկած, (նկատի ունի Եռաբլուրում Արշակից մի քանի շարք վերև թաղված Կամոյին-հեղ) գերի էր ընկել: Նա կենտրոնական շտաբի ներկայացուցիչն էր Ղարաբաղում ու ռուսները նրան ձերբակալել էին ու վաճառել թուրքերին: Նրան ազատելու համար մենք պետք էր կոնկրետ թուրքեր վերցնել։ Ոչ թե ուղղակի բնակչություն, այլ օրինակ զինվորականներ Քեդաբեկից։ Մշակվեց մի օպերացիա, որի ժամանակ մենք պիտի մտնեինք հակառակորդի տարածք, ձորը փակեինք։ Ձախ կողմի խումբը Մոնթեի խումբն էր ոստիկանական հագուստով, թրքախոս, աջ կողմում Եղոյան Ռուբոյի խումբն էր։ Մենք պետք է ֆիլտրեինք մի քանի հոգի մարդ, որի հետ թուրքերը կփոխանակեին Կամոյին»,- գործողության մասին սկսում է պատմել հետախույզ Վարդանովը:

«Հետո հասկացանք, որ այդ գործողության շնորհիվ կարող ենք Քեդաբեկի շրջանն ամբողջովին պոկել ադրբեջանցիներից, ուղղակի հարց կլիներ՝ կկարողանայինք հետո այն պահել։

Մեզ այդտեղ ջրբաժանները հատելու համար որոշակի միջոցներ էին պետք, մենք էլ վերցրինք հայկական արտադրության ինքնաշեն նռնականետեր և այլն։ Արշակն ինքնաշեն ականանետից էր կրակում, հենց այդ կրակելու պահին պայթյուն եղավ ու նա զոհվեց։ Արշակի զոհվելը հնարավորություն չտվեց իրականացնել Գետաբեկի գործողությունը»:

Արշակ Սարուխանյանը

Արշակ Սարուխանյանը

Այսօր Արշակի ընտանիքում նոր Արշակներ են ծնվում, ինչպես տատիկն է վստահեցնում` յուրաքանչյուր Արշակ իմ Արշակից որևէ գիծ ունի իր մեջ:

«6 երեխա ունեմ` 3 աղջիկ 3 տղա: Ինքն իմ առաջնեկն էր: Հիմա ես 4 Արշակ ունեմ, սպասում ենք 5-ին: Երեխաներս որոշել են իրենց երեխաներից առաջին տղային Արշակ կոչել»,- եզրափակում է տիկին Սուսաննան:

Զրուցեց` Հասմիկ Մելիքսեթյանը

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *