Խորվաթիան հրաժարվել է ընդունել Ուկրաինայում նորոգված ՄիԳ-21 կործանիչները

Խորվաթիայի ռազմաօդային ուժերի հատուկ հանձնաժողովը հրաժարվել է ընդունել Ուկրաինայում վերանորոգված ՄիԳ-21 կործանիչները։ Ուկրաիանական կողմը բազմիցս ուշացրել է ինքնաթիռների հանձնումը պատվիրատուին, իսկ այժմ էլ պարզվել է, որ 7 միավոր ՄիԳ-21 կործանիչներից 6-ի վրա կան լուրջ թերություններ։ Այս մասին հայտնում է խորվաթական Jutarnji լրատվակայքը։

Խորվաթիայի ՌՕՈւ ՄիԳ-21 կործանիչի փորձարկման թռիչքը նորոգումից հետո

Խորվաթիայի ՌՕՈւ ՄիԳ-21 կործանիչի փորձարկման թռիչքը նորոգումից հետո

Զննման ժամանակ տեսչական խումը հայտնաբերել է, որ չեն աշխատում կործանիչների ռադարները, ճանաչման համակարգը, ինչպես նաև նկատվել է վառելիքի արտահոսք։

Այսպես կոչված նորոգված կործանիչները Խորվաթիայում են արդեն 2014-ի ապրիլից։ Այս ընթացքում ուկրաինացի ավիաինժեներները փորձում են արդարացնել կատարված աշխատանքը ու վկայակոչելով կայանած վիճակում ինքնաթիռների թեստավորման արդյունքները՝ հավաստիացնում են, թե ամեն ինչ կարգին է, մինչդեռ խորվաթ օդաչուները թռիչքների ընթացքում վերհանել են բազմաթիվ թերություններ։

Խորվաթական լրատվակայքի աղբյուրը նշում է՝ նման իրավիճակ ստեղծվել է, քանի որ երբ կործանիչները նորոգումից հետո նախնական փորձարկում էին անցնում Ուկրաինայում, Օդեսայի ավիանորոգման գործարանի մասնագետներն ամեն կերպ խոչընդոտել են, որ Խորվաթիայից ժամանած օդաչուները փոքր արագությամբ թռիչքներ կատարեն ցածր բարձրության վրա, այդ իսկ պատճառով էլ նախնական զննումը լուրջ թերություններ չի վերհանել։

Ներկայումս Խորվաթիա է ժամանել Օդեսայի ավիանորոգման գործարանի աշխատանքային խումբը, որի կազմում է նաև գործարանի ավագ օդաչուն։ Վերջինս կփորձի գտնել հայտնաբերված տեխնիկական թերությունների լուծումներ։ Պետք է նշել նաև, որ Խորվաթիան կատարած աշխատանքների համար դեռևս չի վճարել ուկրաինական կողմին։ Հավանական է նաև, որ դեռ մի բան էլ ավիանորոգման գործարանը վճարի տուգանք՝ ժամկետներն ուշացնելու ու այդքանից հետո կործանիչները նման թերություններով հանձնելու համար։

Խորհրդային նախագծման ՄիԳ-21 կործանիչը շահագործման են հանձնել 1959-ին։ Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 125 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 19 000 մետր է։ Սպառազինությունում ինքնաթիռն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ, ամրակցման 4 կետ՝ երկուական 500 կգ-անոց ռմբով և Կ-13 կառավարվող հրթիռով համալրվելու համար։

One response to “Խորվաթիան հրաժարվել է ընդունել Ուկրաինայում նորոգված ՄիԳ-21 կործանիչները

  1. Pingback: Խորվաթիայում վթարվել է ՄիԳ-21 կործանիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *