Ռումինիայում ավարտվել է Մոզամբիկի ՄիԳ-21 կործանիչների արդիականացումը

Ավարտվել է Մոզամբիկի ռազմաօդային ուժերի 8 միավոր ՄիԳ-21 կործանիչի արդիականացման գրոծընթացը։ Պատվերը կատարող ռումինական «Աերոսթար» ընկերությունը վերոնշյալ կործանիչներից բացի, Մոզամբիկի համար պետք է արդիականացներ նաև 1 միավոր Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Մոզամբիկի ՌՕՈւ ՄիԳ-21 կործանիչն արդիականացումից հետո

Մոզամբիկի ՌՕՈւ ՄիԳ-21 կործանիչն արդիականացումից հետո

Արդիականացման արդյունքում նորոգվել է կործանիչների ֆյուզելյաժն, ինչպես նաև տեղադրվել GPS նավիգացիոն համակարգ և թռիչքի ընթացքն արձանագրող թվային մի շարք համակարգեր։

Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է 2013-ին, ընդ որում այն սկսել է կատարվել բավական արագ տեմպերով։ Նույն տարում արդեն արդիականացումն անցած 3 միավոր ՄիԳ-21 կործանիչ իր թռիչքով Ռումինիայից վերադարձավ Մոզամբիկ։ Այս պահին 8 միավոր ՄիԳ-21 կործանիչներից 6-ն արդեն Մոզամբիկում են, մյուս 2-ը կհանձնեն պատվիրատուին առաջիկայում։ Ստույգ տեղեկություններ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռի կարգավիճակի վերաբերյալ դեռևս չկան։

Հարկ է նշել, որ Մոզամբիկի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները բավական անմխիթար վիճակում են։ 1982-ին ավիապարկը համալրվել է 48 միավոր ՄիԳ-21 կործանիչով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ դադարեց աջակցությունն այդ երկրին, օդուժի ավիապարկի զգալի մասը դարձավ ոչ պիտանի նույնիսկ թռիչքների համար։

Միայն վերջին տարիներին է այս առումով նկատվում որոշակի շարժ. կործանիչներն աստիճանաբար վերանորոգվում են ու բերվում մարտունակության գոնե բավարար աստիճանի։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքների համատեքստում կործանիչների նորոգումից ու արդիականացումից բացի, տեղին է նշել նաև 2013-ին 2 միավոր Ան-26Բ բեռնատար ինքնաթիռի գնումն Ուկրաինայից։

Խորհրդային նախագծման ՄիԳ-21 կործանիչը շահագործման են հանձնել 1959-ին։ Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 125 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 19 000 մետր է։ Սպառազինությունում ինքնաթիռն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ, ամրակցման 4 կետ՝ երկուական 500 կգ-անոց ռմբով և Կ-13 կառավարվող հրթիռով համալրվելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *