ԱՄՆ-ն Իրաքին կործանիչներ կմատակարարի միայն լարվածության նվազումից հետո

Իրաքին տրամադրվելիք ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը, որն արդեն 2014-ի սեպտեմբերին պիտի սկսվեր, հետաձգվել է անորոշ ժամկետով: Մատակարարումը ԱՄՆ-ն նախատեսում է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կհաղթահարվի անկայուն իրավիճակը, ու Իրաքի զինված ուժերը կվերահսկեն երկրի ներքին դրությունը:

Այս մասին, ԱՄՆ ՌՕՈւ՝ Իրաքի զինծառայողներին մարզող խմբի ղեկավար Թոմ Ֆոքսին (Tom Fox) հղում անելով, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամսագրի բլոգը:

Նշենք, որ Իրաքն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ 2011-ին ու 2012-ին կնքել էր F-16 կործանիչների գնման պայմանագրեր, որոնցով 2014-ի սեպտեմբերից մինչև 2017 թվականի ավարտը ամերիկյան ընկերությունը Իրաքի զինված ուժերին էր մատակարարելու 36 միավոր F-16 կործանիչներ: Ամերիկյան արտադրողը ինքնաթիռները փոխանցելու էր 18-միավորանոց երկու խմբաքանակներով, որոնց կազմում լինելու էին 12 միավոր F-16C մեկտեղանոց ու 6 միավոր F-16D երկտեղանոց կործանիչներ: Կործանիչների, ինչպես նաև կից սարքավորումների ու սպառազինության համար Իրաքը վճարելու էր շուրջ 5,3 մլրդ ամերիկյան դոլար:

Իրաքի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ամերիկյան առաջին F-16 կործանիչը

Իրաքի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ամերիկյան առաջին F-16 կործանիչը

2014-ի հունիսին ամերիկյան ընկերությունը սեփական գործարանում Իրաքի պատվիրակությանը ներկայացրեց իրաքյան օդուժին տրամադրվելիք առաջին կործանիչը, որն իրաքյան կողմն ընդունեց: Սակայն ինքնաթիռն այդպես էլ մնաց ԱՄՆ-ում, որտեղից պիտի Իրաք ուղարկվեր ամբողջ խմբաքանակի կազմում:

Սակայն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորման հարձակումների ու Իրաքի հյուսիսարևմտյան հատվածի գրավման հետևանքում Իրաքում ստեղծվեց անկայուն իրավիճակ: Դրանից ելնելով՝ ամերիկյան կողմը անորոշ ժամկետով հետաձգում է պայմանագրի կատարումը:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին էլ հայտնել էր, որ իրաքյան կողմը պատրաստվում է օգտագործված մարտական ինքնաթիռներ գնել Բելառուսից կամ Ռուսաստանից, որպեսզի կարողանա պայքարել Իրաքի հյուսիսարևմտյան հատվածը գրաված ԻԼԻՊ իսլամիստական կազմակերպության դեմ:

Արդյունքում զինված ուժերը հունիսի լույս 29-ի գիշերը ստացել են Ռուսաստանի զինված ուժերում կիրառված 5 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնք պիտի արագ մտցնեն սպառազինության մեջ ու օգտագործեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման դեմ:

Իրաքը ՌԴ-ից գնած Սու-25-երից հետո ստացել է այս գրոհիչների ևս մի խմբաքանակ, սակայն չի նշվում, թե որտեղից։ Այդուհանդերձ, համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ երևում է՝ սույն ինքնաթիռները պատկանել են Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին։ Դրա մասին են վկայում իրանական կողային համարները, ինչպես և որոշ ինքնաթիռների վրա նշմարվող իրանական դրոշը:

Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Հարկ է նշել, որ մինչև Պարսից ծոցի պատերազմը Իրաքի ՌՕՈւ-ն ամենահամալրվածներից մեկն էր Մերձավոր Արևելքի երկրների շարքում։

1991-ին, սակայն, դաշնակից ուժերը ոչնչացրին իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը, իսկ այն ինքնաթիռները, որոնք մնացին մարտունակ, իրենց վախճանը գտան 2003-ի երկրորդ պատերազմի ժամանակ։ Իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը կազմում էին խորհրդային ինքնաթիռներն ի դեմս Սու-25 գրոհիչների, սակայն 2005-ին ընդունվեց ՌՕՈւ զարգացման պլան, որի շրջանակներում շեշտը դրվեց արդեն արևմտյան ավիաարտադրողների վրա։

Տևական ժամանակ Իրաքի ՌՕՈւ հրամանատարությունը հակված էր զորատեսակը համալրել ֆրանսիական Mirage կործանիչներով, սակայն ի վերջո ընտրությունը կանգ առավ ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրանքին պատկանող հանրահայտ F-16 կործանիչների վրա։

One response to “ԱՄՆ-ն Իրաքին կործանիչներ կմատակարարի միայն լարվածության նվազումից հետո

  1. Pingback: Իրաքը հրաժարվել է ամերիկյան «Ապաչ» ուղղաթիռներ գնելուց | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *