Ֆրանսիայի նախագահը հորդորել է Ալիևին գնել եվրոպական արտադրության զենիթահրթիռային համալիր. Intelligence Online

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սույն թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ վերջինս հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Կասպից ծովի նավթահանքերի պաշտպանության համար ձեռք բերել Eurosam եվրոպական կոնսորցիումի արտադրած, միջին հեռահարության SAMP/T զենիթահրթիռային համալիր։

SAMP/T զենիթահրթիռային համալիր

SAMP/T զենիթահրթիռային համալիր

Ինչպես հաղորդում է ֆրանսիական Intelligence Online պարբերականը, այս համալիրում կիրառվում են Aster 30 տիպի հրթիռներ։

Այնուհանդերձ, նկատենք՝ որևէ այլ աղբյուրով այս տեղեկությունը չի հաստատվում։

Նշենք, որ Eurosam կոնսորցիումը հիմնադրվել է 1989-ին, զբաղվում է հիմնականում ՀՕՊ համակարգերի և դրանց հրթիռների արտադրությամբ։ SAMP/T ԶՀՀ-ն նախատեսված է զորքերի և կարևոր ստացիոնար օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Ընդ որում, վերջինս ընդգրկում է պաշտպանություն մարտավարական հրթիռներից, ինքնաթիռների ռմբակոծումից, անօդաչու թռչող սարքերի հրթիռակոծումից։ Այս համալիրը ստեղծվել է Ֆրանսիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերի պահանջներին համապատասխան։ Ֆրանսիայի ՌՕՈւ-ն առաջին միավոր SAMP/T ԶՀՀ-ն ստացել է դեռևս 2009-ին։ Նույն տարում էլ մեկնարկել են համալիրի փորձարկումները։ 2014-ի հունվարին հայտնի է դարձել՝ Ֆրանսիայի ՌՕՈւ-ն ստացել է իր համար նախատեսված վերջին՝ 9-րդ SAMP/T ԶՀՀ-ն։ 2013-ին այս ԶՀՀ-ով հետաքրքրված էին Թուրքիան և Սինգապուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *