Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին իր ջրային սահմանը խախտելու համար

Թուրքիան շարունակում է հունական կողմին մեղադրել իր ջրային տարածք ներխուժելու համար։ Այս անգամ էլ Հունաստանի պարեկային կատերը հուլիսի 6-ի ուշ երեկոյան շուրջ 20 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում՝ Այդինի մոտ, ինչից հետո հեռացել է։ Լուրջ միջադեպ չի գրանցվել, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նշենք, որ վերջին շաբաթներին Թուրքիան հաճախ է մեղադրում հույներին իր օդային և ջրային սահմանները խախտելու, ինչպես նաև թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքները խանգարելու համար։

Այսպես, հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում (Իզմիր (Զմյուռնիա) նահանգի մոտակայքում)։Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։

Եվս մեկ նման դեպք է եղել հունիսի 17-ին՝ Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը երեկոյան ժամերին շուրջ 42 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

One response to “Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին իր ջրային սահմանը խախտելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 6-12 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *