Հարավային Կորեան կգնի լիցքավորող 4 ինքնաթիռ. մրցույթի հայտերն ընդունված են

Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը 2014-ի հունիսի 30-ին ավարտել է հայտերի ընդունումն ավիաարտադրող այն ընկերություններից, որոնք հավակնում են այդ երկրին վաճառել լիցքավորող ինքնաթիռներ։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ այս դասի 4 միավոր ինքնաթիռի գնման համար պետությունը կհատկացնի շուրջ 1.4 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

Կորեային թվով 4 լիցքավորող ինքնաթիռներն անհրաժեշտ են իր ՌՕՈւ կործանիչների՝ օդում մնալու տևողությունը երկարացնելու ու դրանով իսկ մարտական հնարավորություններն ավելացնելու համար։

Մինչ վերջնաժամկետի լրանալը մասնակցության իրենց հայտերն են ներկայացրել իսրայելական Israel Airspace Industries (IAI), Եվրոպական Airbus և ամերիկյան Boeing ընկերությունները՝ առաջարկելով համապատասխանաբար Boeing-767-300ER, A330-200 MRTT և Boeing KC-46 Pegasus լիցքավորող ինքնաթիռները։

Մրցույթին մասնակից ընկերությունների հայտերը կուսումնասիրվեն Կորեայի պաշտպանական գերատեսչության համապատասխան մասնագետների կողմից, ինչից հետո՝ հավանաբար ընթացիկ տարվա նոյեմբերին, կհայտարարվեն առաջին փուլն անցած ընկերության կամ ընկերությունների անունները։ Պետք է նշել նաև, որ Հարավային Կորեայում ակնկալում են ռազմաօդային ուժերի իրենց ավիապարկը լիցքավորող ինքնաթիռներով համալրել բավական սեղմ ժամկետներում։ Ըստ նախնական տեղեկությունների, լիցքավորողները սպառազինության պետք է ընդունվեն 2016-2019 թվականներին։

Նման շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ տարածշրջանի խոշոր երկրների շարքում Հարավային Կորեան միակն է, որ իր տրամադրության տակ դեռևս չունի օդային տանկերներ։ Չինաստանն, օրինակ, ունի արդեն նմանատիպ 10 ինքնաթիռ, իսկ Ճապոնիայի ՌՕՈւ կազմում առկա 4 լիցքավորող ինքնաթիռներին առաջիկայում կավելանան ևս 4-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *