Հայաստանը պատրաստվում է ռուսաստանյան կոնցերնից ռադիոտեղորոշման կայան ձեռք բերել

Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր արտադրող ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնը հրապարակել է 2013-ի հաշվետվությունը, որտեղ ուշագրավ տվյալներ կան Հայաստանին «Կաստա-2Ե2» ( ռուս.՝ «Каста-2Е2») ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ) վաճառելու հարցի վերաբերյալ։

«Կաստա-2Ե2» («Каста-2Е2») ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ)

«Կաստա-2Ե2» («Каста-2Е2») ռադիոտեղորոշման կայան (ՌՏԿ)

Հետևելով հաշվետվության տվյալներին՝ 2013-ին «Ալմազ-Անթեյը» քննարկման է դրել իր կազմում ընդգրկված Մուրմանսկի ռադիոչափողական սարքերի արտադրման գործարանում պատրաստվող «Կաստա-2Ե2» ՌՏԿ-ն Հայաստանին, Իրաքին, Ալժիրին, Հնդկաստանին, Վենեսուելային, Բանգլադեշին, Մոզամբիկին վաճառելու հարցերը։ Քննարկման արդյունքները հայտնի չեն, միայն հաղորդվում է՝ պետական պաշտպանական պատվերի արդյունքում խիստ ծանրաբեռնվածության պայմաններում կոնցերնը թերևս 2015-2016-ին իր արտադրանքի արտահանմամբ չզբաղվի։

Այդուհանդերձ, հաշվետվությունից պարզ է դառնում՝ 2013-ի ընթացքում կոնցերնը հավաքել և տրամադրել է Վիետնամին «Կաստա-2Ե2» ՌՏԿ-ներ՝ համապատասխան պայմանագրով նախատեսված քանակի և համաձայնեցված ժամկետներում։

Բացի այդ, 2013-ին կոնցերնը հավաքել է և 2014-ի ընթացքում փոխանցելու է Ալժիրին ԶԻՊ-Գ լրակազմով մեկ միավոր «Կաստա-2Ե2» ՌՏԿ՝ 2012-ին «Ռոսօբորոնէքսպորտի» հետ կնքված պայմանագրի համաձայն։ Նկատենք, որ 2012-ին Ալժիրը ռուսաստանյան կողմից արդեն ստացել է 3 միավոր «Կաստա-2Ե2» ՌՏԿ։

Կարևոր է նշել, որ «Կաստա-2Ե2» ՌՏԿ-ն շրջադիտման հնարավորություն ունեցող, հերթապահող ռեժիմի, եռակոորդինատային, ոչ բարձր ռադիոտեղերոշման կայան է՝ նախատեսված հակառակորդի օդային թիրախների (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, թևավոր հրթիռներ) հայտնաբերման համար։ Կիրառվում է հակաօդային, առափնյա ու սահմանային պաշտպանության նպատակներով։ Շեշտենք՝ կայանն ունակ է 2 մ² սփռման արդյունավետ մակերես (Radar Cross-Section. որքան փոքր է այս պարամետրը, այնքան թռչող սարքը քիչ նկատելի է ՌՏԿ-ի համար) ունեցող և 100 մ բարձրության վրա թռչող թիրախին հայտնաբերել 41 կմ հեռավորության վրա, իսկ եթե նույն թիրախը թռչում է 1000 մ բարձրության վրա, ապա ՌՏԿ-ն դրան կհայտնաբերի 95 կմ հեռավորության վրա։

Պատկերն ամբողջացնելու համար բերենք ադրբեջանական օդուժի ինքնաթիռների օրինակը. Ադրբեջանի ունեցած ՄիԳ-29 կործանիչի սփռման արդյունավետ մակերեսը 5 մ² է, իսկ Սու-25 գրոհիչինը՝ 3-4 մ²։

Համաձայն ՌԴ պետական պաշտպանական ծրագրի՝ նախատեսված է ՌԴ ԶՈւ Արևմտյան ռազմական օկրուգը մինչև 2020-ի զինել ավելի քան 50 ռադիոտեղորոշման կայաններով, այդ թվում՝ «Կաստա-2Ե2»-ով։

Հիշեցնենք, որ «Ալմազ-Անթեյի» 2012-ի հաշվետվության մեջ հետաքրքիր մանրամասներ էին առկա Ադրբեջանի վերաբերյալ։ Կոնցերնի հաճախորդները 2012-ին ներկայացրել էին ընկերության արտադրանքի զանազան անսարքությունների և դեֆեկտների հետ կապված 717 բողոքագիր։ Ընդ որում, ընդհանուր անսարքությունների շուրջ 48 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։

One response to “Հայաստանը պատրաստվում է ռուսաստանյան կոնցերնից ռադիոտեղորոշման կայան ձեռք բերել

  1. Pingback: 2013-ին Հայաստանն «Ալմազ-Անթեյից» գնել է ՀՕՊ համակարգերի՝ մոտ 900 հազար ԱՄՆ դոլարի պահեստամասեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *