Հնդկաստանի զենքի գնման մրցույթին կմասնակցի ֆրանս-հնդկական նորաստեղծ ձեռնարկություն

Հնդկաստանի զինված ուժերի հայտարարած 155 մմ ինքնագնաց հրետանային համակարգերի գնման մրցույթին մասնակցելու համար ֆրանսիական Nexter ընկերությունը համատեղ ձեռնարկություն է ստեղծել հնդկական երկու ընկերությունների հետ: Այս մասին հայտնում է Army Recognition պարբերականը:

Ֆրանսիական Nexter ընկերությունը մտադիր է Հնդկաստանի ԶՈւ հայտարարած մրցույթին ներկայացնել իր հայտնի CAESAR հրետանային համակարգը, որն ունի 155 մմ/52 տրամաչափանոց թնդանոթ: Սակայն մրցույթի պայմաններով հնդկաստանյան կողմը պահանջում է, որ ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվեն Հնդկաստանում: Այդ պատճառով ֆրանսիական ընկերությունը համատեղ ձեռնարկություն է հիմնադրել հնդկաստանյան Larsen & Toubro Limited (L&T) ու Ashok Leyland Defence Systems ընկերությունների հետ: Արդյունքում ֆրանսիական ընկերությունն իր հաուբիցը տեղադրել է Ashok Leyland ընկերության արտադրած 6×6 ընթացամասով Super Stallion շասսիի վրա ու ստացել նոր ինքնագնաց հրետանային համակարգ, որն էլ առաջարկում է Հնդկաստանի զինված ուժերին:

Ֆրանսիական Nexter ընկերության CAESAR հրետանային համակարգ՝ հնդկական Ashok Leyland ընկերության Super Stallion շասսիի վրա. Eurosatory-2014 ցուցահանդես

Ֆրանսիական Nexter ընկերության CAESAR հրետանային համակարգ՝ հնդկական Ashok Leyland ընկերության Super Stallion շասսիի վրա. Eurosatory-2014 ցուցահանդես

Նշենք, որ Հնդկաստանն արդեն 5-րդ անգամ է նման մրցույթ հայտարարում։ Հնդկաստանի զինված ուժերը նախատեսում է այս մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով 2020-2025 թվականների ընթացքում ձեռք բերել շուրջ 3600 միավոր 155 մմ-անոց տրամաչափի, 52 տրամաչափ երկարությամբ փողով անվավոր ինքնագնաց հաուբիցներ, որոնք տեղավորելու է Փենջաբի նահանգի հյուսիսային հատվածում՝ Պակիստանի սահմանին, ինչպես նաև Արևմտյան Ռաջաստանում։

Դեռևս 2012-ին Հնդկաստանը արդեն հայտարարել էր ԻՀՀ-ների գնման մրցույթ, սակայն կոռուպցիոն սկանդալի պատճառով այն այդպես էլ չկայացավ։ Հնդկական իշխանությունները հայտարարում էին, որ մասնակից ընկերություններից մի քանիսը անօրինական ճանապարհներով էին փորձել հաղթող դառնալ մրցույթում։ Այդ ընկերությունների մեջ Հնդկաստանը նշում էր համաշխարհային այնպիսի արտադրողների, ինչպիսիք են իսրայելական IMI (Israel Military Industries), գերմանական Rheinmetall Defence ու այլ ընկերություններ։ Վերջիններս, սակայն, մերժում են այս մեղադրանքներն ու պնդում, որ անօրինական քայլերի չեն դիմել։ Սակայն արդյունքում Հնդկաստանն այս ընկերությունները մտցրել է «սև ցուցակի» մեջ ու հրաժարվում է նրանցից տեխնիկա գնել։

Հիշեցնենք, որ մինչ 152 մմ-անոց ԻՀՀ-ների ձեռքբերումը Հնդկաստանը մտադիր է գնել սեփական արտադրության Catapult Mk.2 անվավոր ԻՀՀ-ներ՝ որպես միջանկյալ տարբերակ։ Այս համակարգերը, որոնք նախագծվել են հնդկական Arjun Mk.1 ազգային տանկի շասսիի ու ռուսաստանյան Մ-46 քարշակվող թնդանոթի միացմամբ, հնդկական զինված ուժերին կծառայեն մինչև այն ժամանակ, երբ Հնդկաստանը 155 մմ-անոց ԻՀՀ-ները արդեն ստանա։

Հնդկաստանին առաջարկվող CAESAR (ֆր.՝ Camion Equipe d’un Systeme d’ARtillerie) ինքնագնաց հրետանային համակարգը ֆրանսիական Nexter ընկերության նախագիծն է, այն արտադրության մեջ է 2002-ից ու կիրառվում է 2008-ից: Հրետանային համակարգի վրա տեղադրված է 155 մմ/52 տրամաչափ հաուբից, որն ունի առավելագույն 42 կմ հեռահարություն (ակտիվ-ռեակտիվ արկերով): Բացի ակտիվ-ռեակտիվ արկերից, հաուբիցը կրակում է նաև բեկորաֆուգասային, կասետային, ծխարձակող, լուսավորող ու հակատանկային կառավարվող արկերով:

Համակարգը մտնում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի ու Թաիլանդի զինված ուժերի սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *