ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր՝ հունիսի 25-ին, վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը երկու կողմերը ստորագրել էին դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ այս Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովն այս պայմանագիրը վավերացրել էր դեռևս 2013-ի դեկտեմբերին, հետևաբար պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են միայն դրա իրականացման ճանապարհների վերաբերյալ կոնկրետ որոշումները:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով: Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:

Մինչ այս Ռուսաստանում արտադրվող սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար Հայաստանը պարտավոր էր բանակցությունները վարել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի հետ, որը Ռուսաստանում արտադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկայի միակ արտահանողն է: Սա ավելի թանկ էր նստում ու ավելի ժամանակատար էր:

Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում: