Հրթիռներ արտադրող թուրքական ընկերությունը կհամագործակցի Saab-ի հետ

Թուրքական Roketsan (Ռոքեթսան) ու շվեդական Saab ընկերություններն օրերս բիզնես համագործակցության համաձայնագիր են կնքել, որով նախատեսում են համագործակցել հակատանկային հրթիռների հարցում։

Mizrak-U հակատանկային համակարգի փորձարկումը

Mizrak-U հակատանկային համակարգի փորձարկումը

DefenseNews ռազմական լրատվակայքի փոխանցմամբ՝ թուրքական և շվեդական ընկերությունները համագործակցելու են փոքր և միջին հեռահարության հակատանկային հրթիռների մշակման և միջազգային շուկայում ներկայացնելու հարցում։

Ավելի վաղ Roketsan-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել գերմանական MBDA Deutschland ընկերության հետ, որի հետ համատեղ պատրաստվում է Գերմանիայի զինված ուժերի Airbus Helicopters EC665 Tiger UHT հարվածային ուղղաթիռների համար առաջարկել Cirit (Ջիրիթ) հրթիռները, որոնք ներկայում օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը։

Հավելենք, որ ներկայում Roketsan-ը փորձարկում է Mızrak-U (Մըզրաք-Ու) և Mızraq-O (Մըզրաք-Օ) հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք նախատեսված են ինչպես օդում, այնպես էլ ցամաքում կիրառելու համար։ Mızrak-U (ավելի վաղ հայտնի էր UMTAS անունով) հակատանկային համակարգերով Թուրքիայում պատրաստվում են զինել թուրք-իտալական արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռները։

Mızrak-U մեծ հեռահարության հակատանկային կառավարվող հրթիռներն ունակ են խոցել թիրախներ մինչև 8 կմ հեռավորության վրա։ Կրակի նվազագույն հեռավորությունը 500 մետր է։ Mızraq-O-ն միջին հեռահարության հակատանկային համակարգ է, խոցում է թիրախներ առավելագույնը 4 կմ, նվազագույնը 200 մ հեռավորության վրա։

Թեև Roketsan-ն ու Saab-ը չեն նշել, թե կոնկրետ որ համակարգերն են համատեղ զարգացնելու ու արտահանելու, սակայն ներկայում թուրքական կողմն արտադրում է Mızrak-U և Mızraq-O հակատանկային համակարգերը, ինչից էլ ենթադրելի է, որ հենց նրանց մասին է խոսքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *