Թուրքիան կրկին հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար

Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովիում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը շարունակվում է. թուրքական կողմը կրկին հույներին մեղադրում է Թուրքիայի ջրային տարածքները ներխուժելու համար։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում (Իզմիր (Զմյուռնիա) նահանգի մոտակայքում)։

Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։ Ստեղծված իրավիճակը լուրջ միջադեպերի չի բերել։

Նշենք, որ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

One response to “Թուրքիան կրկին հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 22-28 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *