Թուրքիան կրկին մեղադրում է Հունաստանին օդում լարվածություն ստեղծելու համար

Թուրքիայի զինված ուժերը երկրորդ օրն անընդմեջ հայտնում են Էգեյան ծովի օդային տարածքում Հունաստանի օդուժի մասնակցությամբ լարված իրավիճակի մասին։

Ըստ թուրքական կողմի՝ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։

Մի քանի րոպե շարունակ հունական կործանիչներն ուղեկցել են թուրքական ինքնաթիռներին, իսկ նրանց հեռանալուց հետո վայր են իջեցվել։

Լարված իրավիճակը լուրջ միջադեպերի չի հանգեցրել։

Նախօրեին ևս թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *