Արցախում դիտարկմանը Թուրքիայից գնդապետ է մասնակցել

ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Դիտարկումից առաջ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել։

Հունիսի 10-ին Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը (Իռլանդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեղիրմենչիoղլուն (Թուրքիա):

Մինչ դիտարկման սկիզբը արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ, սակայն դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Միաժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *