ՄիԳ-29Կ կործանիչն անհաջող վայրէջք է կատարել Վիկրամադիտիա ավիակրի տախտակամածին

Հունիսի 4-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերի նոր ՄիԳ-29Կ կործանիչը վայրէջք է կատարել Վիկրիմադիտիա ավիակրի տախտակամածին։ Օրվա երկրորդ կեսին կործանիչն օդ է բարձրացել ՌԾՈւ-ի Գոայի օդանավակայանից և անհաջող վայրէջք կատարել, ինչի հետևանքով վնասել է կործանիչի շասսիի առաջնամասը։

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

Այս մասին տեղեկացնում է հնդկական The Telegraph լրատվակայքը։

Հաղորդվում է, որ կործանիչի երկու օդաչուները վնասվածքներ չեն ստացել։
Մայիսի 7-ից ավիակիրն ավիացիոն խմբի հետ փորձարկումներ է անցնում։

Նշենք նաև, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ռուսաստանյան «Սևմաշ» նավաշինական ընկերության հետ Վիկրամադիտիա ավիակրի երաշխիքային «ցմահ» սպասարկման պայմանագիր կնքել։ Ենթադրություններ կան, որ հավանական պայմանագիրը կկնքվի օգոստոսին Նյու-Դելիում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի սկզբին ավիակիրը հասել էր Հնդկաստանի Կարնատակա նահանգի Կավար քաղաքում տեղակայված ռազմածովային բազա առանց սպառազինության և ինքնաթիռների։ Ըստ այդմ էլ, դեռ շուրջ մեկ տարի Հնդկաստանում աշխատելու է երաշխիքային սպասարկման ռուսաստանյան խումբը։ Դրանից հետո ընթացիկ տարվա փետրվարին հայտարարվեց, որ նավի երաշխիքային սպասարկման ժամկետըՀնդկաստանի առաջարկով նախատեսվում է երկարաձգել՝ 20 տարուց հասցնելով 40 տարի։

Հավելենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Բայց հնդկական կողմին նավն արժեցել է շուրջ 2,4 մլրդ ամերիկյան դոլար։ Արդիականացված տարբերակը ստացավ «Վիկրամադիտիա»   անունը։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից չի բավարարել պատվիրատուի պահանջներին ու տարվել է վերանորոգման։

Վիկրամադիտիան թեթև ավիակիր է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *