Բաշար Ասադը վերընտրվել է

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրվել է իր պաշտոնին, և այսուհետ ղեկավարելու է երկիրը ևս 7 տարի ժամկետով։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Սիրիայի խորհրդարանի խոսնակը հունիսի 4-ի երեկոյան հայտարարել է կայացած ընտրությունների վերջնական արդյունքները։ Համաձայն դրանց՝ Ասադի օգտին քվեարկել են ընտրողների 88.7 տոկոսը՝ մոտ 10.3 մլն հոգի, նրա մրցակիցների՝ Հասան Աբդել Իլլյահի ան-Նուրիի և Մահերա Աբդել Հաֆիզ Հաջարի համար՝ համապատասխանաբար 4.3 և 3.2 տոկոս։ Գերագույն սահմանադրական դատարանն էլ իր հերթին հայտարարել է՝ հունիսի 3-ի ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ բնակչության 73.42 տոկոսը։

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան աղբյուրները, Դամասկոսի բնակիչները ողջունել են թե´ ընտրությունները, թե´ դրանց արդյունքները՝ երեկոյան ժամերին օդ կրակելով։ Բաշար Ասադի հազարավոր համախոհներ դուրս են եկել փողոց՝ վերջինիս լուսանկարներով, Սիրիայի ազգային դրոշով և պաստառներով՝ ընտրությունների արդյունքները նշելու։

Այնուհանդերձ, ըստ AFP լրատվական գործակալության տվյալների՝ Դամասկոսում օդ կրակելու գործընթացի պատճառով սպանվել են առնվազն 3 հոգի, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 20-ը։

Նկատենք, որ սույն ընտրություններն առաջինն էին Սիրիայի նորագույն պատմության մեջ, երբ ներկայացված էին մի քանի թեկնածուներ, սակայն դրանք անցկացվել են կառավարության վերահսկողության ներքո շրջաններում, իսկ հյուսիսային ու արևելյան որոշ հատվածներում դեռևս շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինյալների տարբեր խմբավորումների միջև։ Արևմտյան երկրները չեն ճանաչում Սիրիայում կայացած ընտրությունները։

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *