Ռուսաստանում ներկայացրել են Տ-72 տանկի նորագույն արդիականացումը

Ռուսաստանում անցկացվելիք Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթի նախօրեին ներկայացրել են Տ-72 տանկի նորագույն արդիականացումը, որով էլ տարբեր երկրների տանկիստները կմասնակցեն տանկային բիաթլոնի մրցմանը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստանընկերությունը:

Տ-72 տանկի՝ տանկային բիաթլոնի համար նախատեսված նորագույն արդիականացումը: Ենթադրաբար այն կունենա Տ-72Բ3Մ անվանումը

Տ-72 տանկի՝ տանկային բիաթլոնի համար նախատեսված նորագույն արդիականացումը: Ենթադրաբար այն կունենա Տ-72Բ3Մ անվանումը

Նոր տանկը, որի մասին լուրեր կային դեռևս 2014-ի հունվարին, ստեղծվել է Տ-72 տանկի «Բ3» արդիականացման հիման վրա, որից 2013-ին շուրջ 450 միավոր ուղարկվել է ՌԴ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների: Տանկի ստեղծող «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը նոր արդիականացման վրա նախկին 780-ի փոխարեն տեղադրել է 1130 ձիաուժանոց նոր շարժիչ:

Տանկի վրա տեղադրվել է նաև ընթացամասի ավտոմատ կառավարման համակարգ, ինչպես նաև նոր ստաբիլիզացված պանորամային դիտման սարքավորում:

Նոր արդիականացումը ներկայում սերիական արտադրության փուլում է, իսկ արդեն պատրաստի տանկերով երթային ու կրակային վարժություններ են անում Ռուսաստանի զինված ուժերի 4 ռազմական օկրուգների լավագույն տանկիստները:

Ընդհանուր առմամբ 16 տանկային անձնակազմեր՝ ամեն ռազմական օկրուգից 4 անձնակազմ, «Ուրալվագոնզավոդի» մասնագետների ղեկավարությամբ ծանոթանում են տանկին ու վարժվում դրա վրա: Դրանից հետո յուրաքանչյուր ռազմական օկրուգից կընտրվի 1 լավագույն անձնակազմ, իսկ 4 օկրուգների լավագույն անձնակազմերից՝ Ռուսաստանի լավագույն տանկային անձնակազմը: Վերջինս արդեն կմասնակցի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին:

Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի։ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնի մրցումներին կմասնակցեն առնվազն 12 երկրների լավագույն տանկային անձնակազմեր, իսկ ևս 22 պետություն կմասնակցի դիտորդների մակարդակով: Միևնույն ժամանակ Չինաստանն ու Քուվեյթը վերահաստատել են իրենց ցանկությունը՝ տանկային բիաթլոնին մասնակցել սեփական տանկերով:

Ընդ որում՝ Ռուսաստանը տանկային բիաթլոնին ներգրավում է նաև Ղրիմի տանկիստներին: Նախկին ուկրաինական զինված ուժերի զինծառայողները, ովքեր ընդունել են ՌԴ քաղաքացիություն ու ծառայությունը շարունակում են ՌԴ զինված ուժերում, կմասնակցեն Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի տանկային բիաթլոնի մրցմանը:

Հայտնի է, որ 2014-ին միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև հետևակի մարտական մեքենաներ, որոնց համար ներկայումս կառուցվում են առանձին երթուղիներ։

Միաժամանակ հանդիսատեսի համար ռուսաստանյան կողմը նախատեսում է կառուցել 5000 տեղանոց տրիբունաներ։ Կկառուցվի նաև մրցանակաբաշխության համար նախատեսված հրապարակ։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։