Ղազախստանը վավերացրել է ՌԴ-ի հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2014-ի մայիսի 26-ին օրենք է ստորագրել ՌԴ-ի հետ համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման համար։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Ակնկալվում է, որ համաձայնագրի ամբողջական տեքստն առաջիկայում հասանելի կլինի։

Նշենք, որ դեռևս 2013-ի հունվարին Մոսկվան ու Աստանան կնքել էին միացյալ ՀՕՊ գոտու ստեղծման համաձայնագիր, ըստ որի՝ միացյալ ՀՕՊ համակարգերի ղեկավարությունը ստանձնելու է ՌԴ-ի ու Ղազախստանի պաշտպանության նախարարների կողմից նշանակված հրամանատարը։

Հիշեցնենք, որ 2014-ի սկզբին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել էր՝ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։

Անտոնովն այսպիսի հայտարարություն էր արել Ռուսաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նշել էր, որ համակարգերի տրամադրումը կսկսվի 2014 թվականից։

Նշենք, որ  յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից, իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։ Այսինքն՝ եթե ՌԴ-ն Ղազախստանին անվճար տրամադրի զենիթահրթիռային համակարգերը, ապա Ղազախստանը կունենա 35 արձակման կայան։

Տեղեկացնենք, որ ներկայումս Ղազախստանի ՀՕՊ ուժերն ունեն ղազախական կողմի բնորոշմամբ «քիչ քանակությամբ Ս-300-ներ, որոնք հիմնականում կիրառվում են մայրաքաղաքի օդային տարածքը պաշտպանելու նպատակներով»։ Բացի այդ, Ղազախստանն ունի շատ ավելի հին Ս-300-ներ, որոնց արդիականացման մասին բազմիցս հայտարարել է։

Հավելենք, որ 2013-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։

Նկատենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *