Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 18-24

Առաջնագծում զինծառայող է զոհվել: Մահացել է Մամիկոն Խոջոյանը: Հերթական դիտարկումն Արցախում: Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին: Հայ-լեհական ընկերությունը ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի է մասնակցել:

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները ցուցադրում են ձեռնամարտի հնարքներ

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները ցուցադրում են ձեռնամարտի հնարքներ

-Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1994 թվականին ծնված կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Ջոկի հրամանատարը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

-Մայիսի 20-ին 77 տարեկան հասակում մահացել է ադրբեջանական գերության մեջ 36 օր անցկացրած Մամիկոն Խոջոյանը: Հայաստան վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով սահմանվել էր բժշկական խիստ հսկողություն: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերի էր ընկել 2014-ի հունվարի 28-ին՝ չկողմնորոշվելով տեղանքում և հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Խոջոյանին Ադրբեջանում խոշտանգել էին:

-Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցել են ադրբեջանական տարածք Արցախի կողմից:

-ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել, Բելգիա) մայիսի 20-ին անցկացվեց «28+1» ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները: Սեյրան Օհանյանն անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

-Հայ-լեհական համատեղ «Lubawa Armenia» արդյունաբերական ընկերությունը մասնակցում է մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային երրորդ KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:«Lubawa Armenia»-ն պատրաստվում է ներկայացնել բալիստիկ պաշտպանության, նյութատեխնիկական ապահովման, քողարկման միջոցներ, վրաններ, զինծառայողների հանդերձավորման օրինակներ:

-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մայիսի 18-ին բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ժամանակ գեներալ-լեյտենանտ Հակոբյանը ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին: ՊԲ հրամանատարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա:

Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշ

Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշ

-Մայիսի 20-ին մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ: Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, պատկերում է Գևորգ Վարդանյանի դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Իսկ չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը և Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

-Վայիսի 23-ին վերջին զանգի միջոցառում էր կազմակերպվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում: 36 հայկազունի համար կրթահամալիրի զանգը հնչեց վերջին անգամ: Ռազմինֆոյի ռեպորտաժին ու օրվա ամենահետաքրքիր դրվագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Շրջանավարտ հայկազունները

Շրջանավարտ հայկազունները

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 18-24

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. մայիսի 18-24 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *