Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը լքում է զբաղեցրած պաշտոնը. «Դոկտրինա»

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովն առաջիկայում թողնելու է իր զբաղեցրած պաշտոնը, և ԳՇ պետի ամենահավանական թեկնածուներից է Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովը։

Նաջմեդին Սադիգով

Նաջմեդին Սադիգով

Նման հայտարարությամբ է հանդես եկել «Դոկտրինա» ադրբեջանական լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնը։

Համաձայն կենտրոնի տվյալների՝ Աքփերովի նշանակումը բազմիցս քննարկվել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և հենց իր՝ Աքպերովի համատեղ զրույցների ժամանակ, Սադիգովը ևս դեմ չէ սույն նշանակմանը։ «Դոկտրինան» հավելում է, որ Սադիգովին ամենայն հավանակությամբ կվստահեն Ադրբեջանի նախագահի՝ ռազմական գծով խորհրդականի պաշտոնը, և նա այդպիսով կփոխարինի գեներալ Վահիդ Ալիևին։

Ըստ «Դոկտրինայի» հայտարարության՝ ակնկալվում է նաև պահեստազորը համալրած մի շարք գեներալների վերադարձը ՊՆ համակարգ։ Խոսքը մասնավորապես Թալիբ Մամեդովի և Գաբիլ Մամեդովի մասին է։

Թալիբ Մամեդովը տևական ժամանակ ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ հետախուզական վարչությունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին եղել է 708-րդ բրիգադի հրամանատարը, ապա՝ Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ։ Նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք նրա պաշտոնն իջեցրել են, և նա մինչ պահեստազորի համալրումն աշխատել է ՊՆ գիտական կենտրոնում։

Գաբիլ Մամեդովն էլ ժամանակին եղել է Ադրբեջանի ԶՈւ Բարդայի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, ապա՝ Ղազախստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ, այնուհետև՝ ՊՆ գիտական կենտրոնի աշխատակից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ ներկայիս պետ Նաջմեդին Սադիգովը, համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների, լավ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և, հաշվի առնելով վերջինիս պաշտոնավարման և ռազմական փորձի կարճ ժամկետը, հաճախ է ուղղորդում Հասանովին։

Հավելենք նաև, որ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում Սադիգովի ազգային պատկանելության (նա լեզգի է) խնդիրն ու ծննդավայրի՝ Դերբենդի հետ ունեցած կապերը։ 2013-ի հոկտեմբերին ադրբեջանական լրատվակայքերը հրապարակել էին Նաջմեդդին Սադիգովի անունը կրող դաղստանյան փողոցներից մեկի լուսանկարները, որտեղ ցուցանակում նշված էր նրա անունը։

Այս սկանդալն իրականում հին պատմություն ունի։ Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացել դեռևս 2011-ին, երբ Սադիգովին շնորհել էին Դաղստանի ազգային հերոսի կոչում, ապա Դերբենդի կենտրոնական փողոցներից մեկն անվանել նրա անունով, կիսանդրին տեղադրել այն դպրոցի մոտ, որտեղ Սադիգովը սովորել էր, ինչպես նաև Սադիգովի անվանական կրթաթոշակ էին սահմանել դպրոցի լավագույն աշակերտի համար։ Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այդ ժամանակ հայտարարել էր՝ եթե տեղեկությունը հաստատվի, ապա ԳՇ պետը պետք է անհապաղ հրաժարական տա: Ռազմական հետազոտությունների մեկ այլ կենտրոնի տնօրեն, գնդապետ Իլդրիմ Մամեդովն էլ ասել էր՝ Սադիգովի՝ Դաղստան կատարած այցերը բոլորին հայտնի փաստ են, նա կապեր ունի Դաղստանի պաշտոնյաների հետ, ինչը դրական միտում չէ։ ԳՇ պետն այդպես էլ որևէ կերպ չէր մեկնաբանել կատարվածը։

Նաջմեդդին Սադիգովը ծնվել է 1956-ին Դաղստանի Դերբենդ քաղաքում: 1993-ի նոյեմբեր 2-ից Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *