ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է՝ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը, հնարավոր է ևս 100-ի փոխանցումը։ 

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հայտարարությունը հնչել է մայիսի 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացված KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Բիրլյուլինի խոսքերով՝ Տ-90Ս-երի խմբաքանակի տրամադրումն ավարտել են մոտ մեկ ամիս առաջ՝ 2014-ի ապրիլի կեսերին։ Բացի բուն պայմանագրից, նրա վկայությամբ, գոյություն ունի նաև առանձին օպցիոն, որը ենթադրում է ևս 100 միավոր նման տանկերի փոխանցում, սակայն երկրորդ խմբաքանակի համար պայմանագիր դեռևս չի կնքվել։

Բիրյուլինը հավելել է՝ պայմանագիրը կնքվել էր 2011-ին, ծրագրում էին այն կատարել-ավարտել ավելի վաղ, սակայն ժամկետները ձգձգվեցին Ադրբեջանի՝ ժամանակին վճարումները չկատարելու պատճառով։

Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, սույն իրադարձությունը լուսաբանելիս, շրջանցել են Ադրբեջանի՝ վճարումներն ուշացնելու հանգամանքը։

Նշենք, որ  2014-ի մայիսի սկզբին հայտնի է դարձել՝ Ադրբեջանը նաև սույն տանկերի վարժասարքեր է պատվիրել։

Ադրբեջանը գործարկել է Տ-90Ս տանկերի ստացած առաջին խմբաքանակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում վերջերս կայացած զորավարժությունների ժամանակ։

Բացի այդ էլ, Տ-90 տանկերի արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը, որը պատրաստվում է Ադրբեջանում վագոնաշինական համատեղ գործարան հիմնել, մասնակցելու է սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կայանալիք ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Հիշեցնենք, որ 2011-ին Ադրբեջանը ՌԴ-ից պատվիրել էր 94 միավոր Տ-90Ս տանկերի:

Ադրբեջանի ստացած Տ-90Ս տանկերի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին։

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։

Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈ ւպահանջներին:

Ուշագրավ է, որ ՌԴ-ն Տ-90-ների փոխարեն հիմա նախապատվությունը տալիս է Տ-72-ի արդիականացումներին։

4 responses to “ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը

  1. Pingback: ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը Ռազմ.info | Armday

  2. Pingback: «Ուրալվագոնզավոդը» փոխանցում է՝ Ադրբեջանը դեռ չի ստացել նախատեսված Տ-90Ս տանկերից 30-ը | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 25-31 | Ռազմ.info

  4. Pingback: «Ռոսօբորոնէքսպորտն» Ադրբեջանին Տ-90Ս տանկերի տրամադրումը կավարտի 2015-ի սկզբին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *