Ահաբեկչություն Չինաստանի Սինցզյան նահանգում. կան զոհեր

Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի կենտրոնում՝ Ուրումչի քաղաքում, մայիսի 21-ին պայթյուն է գրանցվել։ Ներկա տվյալներով կա 31 զոհ, 90 վիրավոր։

Լուսանկար՝ ահաբեկչության վայրից, աղբյուր՝ xinhuanet.com

Լուսանկար՝ ահաբեկչության վայրից, աղբյուր՝ xinhuanet.com

Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը, փաստի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարությունը՝ կատարվածը որակելով «լուրջ և դաժան ահաբեկչություն»։

Նշենք, որ մայիսի 21-ի առավոտյան ժամերին երկու ավտոմեքենաներ մխրճվել են Ուրումչիի կենտրոնական շուկայի ամբոխի շարքերում, ապա ավտոմեքենայում նստած անհայտ անձինք պայթուցիկ սարքեր են նետել մարդկանց վրա, ինչի հետևանքով շուկայում կայանած ավտոմեքենաներից մեկը պայթել է։

Նկատենք, որ Չինաստանում վերջին շրջանում հաճախակի են ահաբեկչական գործողություններ գրանցվում։ Մասնավորապես, մարտի 1-ին զինված անձինք հարձակվել էին Կունմին քաղաքի ավտոկայանի վրա, ինչի պատճառով սպանվել էր 29 հոգի, վիրավորվել՝ 130-ը։ Ապրիլի վերջին Ուրումչիի երկաթգծային կայարանում արձանագրված պայթյունի հետևանքով սպանվել էր 3 հոգի, վիրավորվել՝ 79-ը։

Հավելենք, որ սույն ահաբեկչություններում կասկածում են «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» ույղուրական խմբավորմանը, որը ստանձնել էր 2013-ի հոկտեմբերի 30-ին Պեկինի կենտրոնական հրապարակում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը։

Չինաստանի արտգործնախարարության տվյալներով` «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժումն» ույղուր անջատողականներին միավորող ամենաակտիվ կազմակերպությունն է: Նրա շուրջ 600 զինյալները նախապատրաստություն են անցել իսլամիստների ճամբարներում: Նրանք պայքար են մղում Սինցզյան նահանգի անկախացման ու իսլամական պետություն դառնալու ուղղությամբ։

Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում հաճախ են ազգային հողի վրա վեճեր ու միջադեպեր գրանցվում ույղուր ազգաբնակչության և չինական իշխանությունների միջև։ Ընդ որում, ույղուրները մեղադրում են Չինաստանին իրենց ավանդույթները չհարգելու, ձուլման քաղաքականություն վարելու, իրենց մշակույթի վրա ազդելու փորձերի համար։ Չինաստանն էլ իր հերթին մեղադրանքներ է ներկայացնում ույղուրներին հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու, անջատողական նկրտումների հարցում։

Ույղուրների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների փորձեր միջազգային նշանակության միջոցառումների ժամանակ ևս գրանցվել են։ Մասնավորապես, 2008-ին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարությունը հրապարակել էր ույղուր ահաբեկիչների ցուցակը, որոնց կասկածվում էին ահաբեկչական գործողություններ անցկացնելու փորձի, խաղերի անցկացումը խափանելու ակցիաներ կազմակերպելու մեջ:

One response to “Ահաբեկչություն Չինաստանի Սինցզյան նահանգում. կան զոհեր

  1. Pingback: Հակաահաբեկչական խոշոր գործողություն Չինաստանում. ներգրավված են ուժային մի շարք կառույցներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *