Պատերազմի վերսկսումը հեռավոր ապագայում չէ, և ես մասնակցելու եմ դրան. Ռազմինֆոն զրուցել է իր հեղինակային շարքի հերոսի հետ

Մոտ մեկ տարի առաջ Ռազմինֆոն հեղինակային շարք սկսեց՝ «Հարցազրույցներ զորակոչիկների հետ»։ Այսօր այդ տղաները պատվով կատարում են իրենց զինծառայությունը, իսկ Ռազմինֆոն շարունակում է հետևել իր հերոսներին ու բացահայտել, թե բանակն ինչպիսի ազդեցություն է ունենում նրանց վրա։

Այս անգամ մենք անդրադարձել ենք սերժանտ, սերժանտական խորհրդի նախագահ Արամ Թորոսյանին, ով ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Մատենադարանում:

Արամ Թորոսյան

Արամ Թորոսյան

—Շուտով լրանում է Ձեր ծառայության մեկ տարին։ Այս ընթացքը Ձեզ համար ինչպիսի՞ն էր։

Ես միայն ձեռքբերումներն եմ որպես այդպիսին արձանագրում, քանի որ բանակում հանդիպած հիասթափությունների հաղթահարումն արդեն, ըստ էության, զգալի ձեռքբերում է:

Մեկ տարին այնուհանդերձ քիչ չէ, արդյո՞ք բանակը տղամարդու զարգացման, հասունացման գործում իսկապես դեր ունի։

Անխոս: Կասկած լինել չի կարող, որ բանակն է թրծում և վերջնական կայուն վիճակի հասցնում տղամարդու զարգացումն ու հասունացումը: Կան մարդիկ, որ ասում են, թե իրենք բանակում չեն ծառայել, բայց փոխարենը տեսել են այնպիսի դժվարություններ, որոնք իրենց դարձրել են ոչ պակաս տղամարդ: Անձամբ ես թերահավատությամբ եմ մոտենում նրանց ասածին, քանի որ այնպիսի դարբնոց, ինչպիսին բանակն է, մենք մեր երկրում չունենք:

Զինծառայողի համար կարևոր է նաև, որ հասարակությունը վստահի իրեն։ Ի՞նչ եք կարծում մեր հավատը զինվորի նկատմամբ ուժեղ է։ Ինքներդ ի՞նչ եք զգում։

Զինվորը պիտի իրեն շրջապատված զգա հասարակությամբ, պիտի հասարակությունը սիրի ու հարգի սպայական խավին, զինվորին, և այդ սերն ու հարգանքը դրսևորի գործնական դաշտում: Հասարակությունը պիտի կարողանա բանակը դարձնել այս երկրի ժամապահը, և, թերևս, դարձրել է: Եթե զինվորին չվստահի քաղաքացիական անձը, ապա էլ ո՞ւմ պիտի վստահի: Ես զգում եմ այն պատիվը, այն հավատն ու սերը, որ կա համազգեստի նկատմամբ, որ ես հագնում եմ, զինվորի համազգեստը սիրված ու սպասված համազգեստ է մեր հասարակության համար:

Բայց շատ զորակոչիկներ այսօր հենց հասարակության «մեղքով» վախենում են բանակից, այդ դեպքում ի՞նչ անել։

Համաձայն եմ՝ կան այսօր բանակի վերաբերյալ պատկերացումներ, որոնք ծնունդն են հասարակության մեջ կեղծ և ստահոդ շրջանառությունների: Բանակում կատարվող ամեն տեսակ հանցագործություն, երբեմն նաև արտակարգ պատահար, հասարակության մեջ չի ստանում իր համարժեք գնահատականը: Օրինակ, բացի ռազմական կամ զինվորական տեղեկատվություն հաղորդող լրատվամիջոցներից, չեմ հանդիպում մեկ այլ լրատվամիջոց, ուր կխոսեն մեր զորքերի գրանցած առաջընթացից: Իսկ հարցին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի բանակից չվախենան մարդիկ, խոսքն, իհա’րկե, բանակում չծառայածների մասին է, որովհետև ծառայած հայ տղամարդու համար բանակը երբեք վախեցնող չէ։ Պետք չէ ինչ-որ բան անել, միևնույն է, նորակոչիկը նույնիսկ եթե վախեցած է գալիս բանակ, ապա նրա բոլոր վախերը անմիջապես փշրվում են հանդիպելով իրեն բարյացկամորեն դիմավորող անձնակազմի և միջավայրի:

Այս հարցի շուրջ մեկ այլ կարծիք էլ ունեմ, որը գուցե վատ ընկալվի «ազատ» լրագրության կողմից: Իմ կարծիքով բանակի մասին լրագրությունը պիտի դրվի գրաքննության տակ, այսինքն՝ թույլատրվեն տպագրել միայն այն հոդվածները, որոնք անցել են գրաքննություն: Մենք պատերազմի ենք պատրաստվում, մենք իրավունք չունենք կորցնելու և մեկ բազուկ, մեկ հայ զինվոր՝ թեկուզ հոգեբանորեն:
Օրինակ մենք ոգևորվում ենք, չէ՞, երբ իմանում ենք, որ ադրբեջանական բանակում անառողջ մթնոլորտ է, ապա ինչո՞ւ թույլ տալ, որ նրանց մարտական ոգին բարձրանա մեր բանակի թերի կողմերի մասին իմանալով։

Արամ Թորոսյանն ընկերուհու հետ

Արամ Թորոսյանն ընկերուհու հետ

Այսօր մեր զինծառայողի մարտական ոգին բարձրացնելու համար ի՞նչ է պակասում։

Մեր զինվորի մարտական ոգին բարձր է, բայց պիտի էլ ավելի բարձրացվի: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է իրականություն դարձնել բոլոր այն թեորիաները, որոնք բանակի ստեղծողներն են դրել բանակի հիմքում։ Գաղափարների առումով մեր բանակը կատարյալ է, մնում է համապատասխանեցնել: Պիտի մեր զինվորի գիտակցության մեջ ամրապնդվի այն գաղափարը, որ ինքը պետք է օրինակ վերցնի հենց ինքն իրենից, մեր բանակը պետք է օրինակ վերցնի հենց ինքն իրենից, ոգևորվի ինքն իրենով: Եվ միայն մեկ պատճառով, որովհետև հաղթած բանակ է, մարտունակ բանակ է:

Տեղյակ եմ, որ սերժանտական դասերի եք մասնակցել։ Ինչպե՞ս Ձեզ ընտրեցին, ի՞նչ տվեցին դասերը Ձեզ։

Սերժանտի ընտրությունը բանակում, ըստ իս, հետևյալ կերպ է լինում. ընտրվում է այն շարքային զինծառայողը, ով ունի մտավոր ունակություններ, գիտելիքներ իր մասնագիտական առարկաներից, ֆիզիկապես պատրաստված է, շարային տեսանկյունից ձգված է, հեղինակություն է վայելում համածառայակիցների շրջանում, ունի առաջնորդի հատկանիշներ: Այսինքն՝ ընտրում են մեկին, ով կարող է հրամայել խղճով, ով կարող է վստահ ու աներեր ասել` ջո´կ, իմ հետևից: Ինձ էլ կարծում եմ նույն սկզբունքով են ընտրել: Սերժանտական դասերի նպատակն է ստեղծել առաջնորդի, ստեղծել հրամանատարի, ով մի մակարդակ իր իմացություններով բարձր է կանգնած շարքայինից:

Իսկ գո՞հ եք դասերից, ի՞նչ սովորեցինք։

Շատ բան տվեցին։ Սովորում ես հրամանատարական ձայնով հրամաններ արձակել, սովորում ես նրբություններ, որոնց պիտի տիրապետի յուրաքանչյուր սերժանտ՝ շարք ուղեկցել, կոպիտ ասած, սերժանտի պարտականությունների կատարման ձև ու շնորհք ես սովորում։

Ինչ-որ հետաքրքիր դեպք կհիշե՞ք ծառայությունից։

Նորակոչիկների նախապատրաստման գումարտակի կազմով զորավարժության էինք, առանց մարտական հրաձգության: Ես արդեն ջոկի հրամանատար էի: Վերադաս հրամանատարությունը խնդիր էր առաջադրել սկսել հարձակումը, մխրճվել հակառակորդի շարքերն ու ոչնչացնել նրան: Երբ գումարտակի հրամանատարը ռացիայով կապվում էր վաշտերի հրամանատարների հետ ինչ-որ գոռոցներ, աղաղակներ էին լսվում։ Ձայնն այնպիսին էր, որ մի պահ վախեցրեց բոլորիս (ես իմ ձեռքի ռադիոկայանով լսում եմ՝ ինչ են խոսում)։ Մտածեցինք, որ ադրբեջանցիներն են որսացել ռադիոալիքները և խանգարում են մեզ: Բայց հետո պարզվեց, որ նորակոչիկներն, իրոք, մտել էին հարձակվողի դերի մեջ, ու հարայ հրոցով վազում էին դաշտերով դեպի առաջ` թվացյալ հակառակորդը։ Այդպես ոգևորվել էին մեր նորակոչիկները։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն զորակոչիկներին ովքեր նոր են բանակ գալու, ինչի՞ վրա ուշադրություն դարձնեն, ի՞նչ գիտելիքների, ի՞նչ հմտությունների պակաս է զգացվում։

Ամառային զորակոչը էապես տարբերվում է ձմեռայինից, քանի որ ամառային զորակոչի ժամանակ բանակի շարքերը համալրում են մեծապես բարձրագույն կրթություն ստացած տղաները: Բանակում յուրաքանչյուրի մասնագիտությունն էլ կարող է իր օգուտը տալ, ուստի պիտի լցվել վստահությամբ, այն համոզմունքով, որ իրենք պետք են բանակին, պետք են մեր երկրին:

Այն օրերին, որ իրենք նստած ԵՊՀ-ում տաք լսարանում դաս էին սովորում կամ Ամանորի գիշերը ընկերներով տնից տուն էի գնում, զինվորները կանգնած սահմանին մրսում էին ցրտից ու դիրք էին պահում: Հիմա եկել է նրանց փոխարինելու ժամանակը, իրենք գալիս են, որ այդ մրսած զինվորները հետ գան տուն: Պիտի ուշադրություն դարձվի միայն հոգեբանորեն նախապատրաստվելուն, մնացածը բանակում կսովորեն։ Թող հոգեբանորեն նախապատրաստվեն, դրական լիցքերով, որ գնում են մեր հաղթանակած բանակ, գնում են վաղվա կռվում հաղթելու պատրաստ տղերքի շարքերը համալրելու: Մենք բանակում շատ-շատ ենք, մեզ մոտ են գալիս, մեր աշխարհ են գալիս, մեր տուն են գալիս, բարով գան:

Արա´մ, ի՞նչ կուզենաք ասել մեր հասարակությանը, Ձեր տարեկիցներին։

Վստահ եմ, որ պատերազմի վերսկսումը հեռավոր ապագայում չէ, և ես տեսնելու եմ այդ պատերազմն ու մասնակցելու եմ դրան: Դա այն վերջին կռիվն է լինելու, որը չհասցրեց Մոնթեն տալ, հայ ժողովրդի վերջին կռիվն է լինելու թուրքի դեմ: Կհարցնեք՝ երբ է վերսկսվելու կռիվը, այն ժամանակ, երբ թշնամին վստահ լինի իր ուժերի վրա, իսկ թշնամին ամեն օր զինվում է, անընդհատ հզորանում, որպեսզի հարյուր տոկոսանոց վստահությամբ հարձակվի:

Մենք էլ պաշտպանության ենք պատրաստվում: Ուստի կուզենայի, որ մեր հայրենակիցները, ոչ թե բիզնես ստեղծելու կամ աճեցնելու մասին խորհեին, սեփական կարիերայի մասին մտածեին, այլ բանակի հզորացման, որովհետև պատերազմին իրենք բոլորն էլ մասնակցելու են, թեկուզ ստիպողաբար ավտոբուսից կամ համալսարանից բերեն մարտադաշտ։ Պատերազմին բոլորս ենք մասնակցելու: Եվ ուրեմն, անտարբեր չլինենք բանակի ու զինվորի նկատմամբ, չխուսափենք ծառայությունից, միասին պատրաստվենք մեր վերջին կռվին։

Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը

Կարդացեք Արամի մյուս հարցազրույցներն այստեղ.

Զինվորի առաքելությունն ամենակարևորն է. Արամ Թորոսյան

Բանակի զարգացումն ավելի քան ակնհայտ է. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *