Ռազմական դրություն Թաիլանդում. ընդդիմությունը խոստացել է «եզրափակիչ հարված»

Թաիլանդի բանակն օգտվելով սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից՝ 2014-ի մայիսի 20-ին երկրում սահմանել է ռազմական դրություն։ Նման որոշումը զինվորականները պայմանավորում են արդեն մի քանի ամիս շարունակվող անկարգություններին և հակակառավարական ցույցերին վերջ դնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։

Զինվորականները մայրաքաղաք Բանգկոկի փողոցներում

Զինվորականները մայրաքաղաք Բանգկոկի փողոցներում

Հարկ է նշել, որ ռազմական դրություն սահմանելիս զինվորականներն այդ քայլը չեն համաձայնեցրել կառավարության հետ։

Երկրի զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ ռազմական դրության սահմանումն ամենևին էլ պետական հեղաշրջման փորձ չէ և միտված է արդեն իսկ 28 հոգու կյանք խլած իրադարձությունների դադարեցմանը։

Նշենք, որ քաղաքական ճգնաժամը Թաիլանդում շարունակվում է դեռևս 2013-ի նոյեմբերից, երբ ընդդիմությանը հաջողվեց իշխանությունից հեռացնել գործող կառավարությունը։ Սահմանվեց ժամանակավոր կառաավարություն, որը, սակայն ի զորու չեղավ հանդարտեցնել երկրում ծայր առած հակակառավարական տրամադրություններն ու ցույցերը։

Ճգնաժամն ավելի խորացավ մայիսի 7-ից, երբ երկրի Սահմանադրական դատարանը վճռեց՝ վարչապետի պաշտոնակատար Յինգլաք Շինավաթրան չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու պետք է թողնի իր աթոռը։

Իրավիճակը Թաիլանդում այս պահին հանդարտ է, սակայն ընդդիմությունը խոստացել է առաջիկա օրերին հասցնել «եզրափակիչ հարված»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *