Լաոսում վթարի է ենթարկվել նախագահի ինքնաթիռը. զոհվել են պաշտոնատար մի շարք անձինք

Լաոսում 2014-ի մայիսի 17-ին վթարի է ենթարկվել նախագահական Ան-74ՏԿ-300 ինքնաթիռը, որում եղել են երկրի փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, հանրային անվտանգության նախարարն ու պաշտոնատար այլ անձինք։ Վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Այս մասին գրում է ամերիկյան USA Today պարբերականը։

Աղետի վայրը

Կործանված ինքնաթիռը վթարի վայրում

Կառավարության անդամներին փոխադրող Ան-74ՏԿ-300 (ռուս.՝ Ан-74ТК-300) ինքնաթիռն ուղևորվում էր հյուսիսային Սիենգուանգ շրջան, որտեղ կայանալու էր տոնակատարություն՝ նվիրված 1959 թվականի մայիսի 17-ին և 18-ին Լաոսի ազատագրական ուժերի գրանցած ռազմական հաջողություններին։

Ռուսաստանյան ՌԻԱ-Նովոսի լրատվական գործակալության տվյալների համաձայն, վթարված Ան-74ՏԿ-300 ինքնաթիռը ձևափոխվել էր Ուկրաինայում՝ 2009-ին, հատուկ կարևորության՝ այսպես կոչված VIP ուղևորների փոխադրման համար և շահագործվում էր որպես նախագահական ինքնաթիռ։

Նշենք, որ հետաքննչական աշխատանքները վթարի վայրում դեռևս շարունակվում են։ Դրանք իրականացնող մարմինները բավական սուղ տեղեկատվություն են տրամադրում, ինչի պատճառով դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք արդեն հայտնաբերվել են ինքնաթիռի սև արկղերը։

Ան-74 տրանսպորտային ինքնաթիռի հիման վրա 2001-ին ստեղծված Ան-74ՏԿ-300-ը նախատեսված է 62 ուղևորի և մինչև 10 000 կգ բեռների փոխադրման համար։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 10 100 մետր է։ Վառելիքի մեկ լիցքավորմամբ Ան-74ՏԿ-300-ը կարող է անցնել 5 300 կմ առավելագույն հեռավորություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *