Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է առաջնագծում 4 զինծառայողի կորուստը:3 զոհ, 8 վիրավոր՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ֆրանսիական Alstom ընկերության և Ադրբեջանի տրանսպորտի նախարարության պայմանագիրը:

Կադրային փոփոխություններ և ձերբակալություններ ՊՆ-ում: Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը հետաձգվել է:

Գեներալ-մայոր Էլբրուս Օրուջև

Գեներալ-մայոր Էլբրուս Օրուջև

Ադրբեջանական սոցցանցային էջերը մայիսի 11-ի առավոտյան հաղորդել են առաջնագծի Մարտակերտի հատվածում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը «հայկական կողմից հրադադարի խախտման պատճառով» Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայողի՝ այդ թվում 2 սպայի, սպանվելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը:

-Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Նիջադ Հասանովը, Վյուսալ Աբասովը, Սայիդ Մեհդիևը և Ռաուֆ Աբասովը ՎԱԶ-2107 ավտոմեքենայով վթարի են ենթարկվել Աղդամի շրջանում։ 4 զինծառայողներն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

-Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական նվագախմբի անդամ, պայմանագրային զինծառայող Էթիբար Աբդուլքերիմ օղլու Ալիևը (ծնվ. 1965-ին) մահացել է հիվանդության պատճառով։

-Ադրբեջանում՝ առաջնագծին մոտ տեղակայված ՊՆ զորամասերից մեկում, զինված ուժերի պայմանագրային զինծառայող Իլքին Յաշար օղլու Մաղերամովը կրակել է իրեն ամրակցված ինքնաձիգից և սպանել գումարտակի հրամանատար, մայոր Էմիլ Ալիհուսեյն օղլու Ասքերլիին։

-Ադրբեջանի արևելյան Շիրվանի շրջանում ՆԳՆ ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆովը Mercedes ավտոմեքենայի ղեկին բախվել է ավտոճանապարհի կողքի ծառին։ Վթարի հետևանքով տուժել են նաև ավտոմեքենայի ուղևորները՝ Յուսիֆովի ծառայակիցները՝  ներքին զորքերի լեյտենանտ Օրհան Ղուրբանովը, կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը։

-Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունքի փոխանցմամբ՝ Բաքու-Ղուբա ավտոճանապարհին Ադրբեջանի ՊՆ զորամասին պատկանող ՈւԱԶ բեռնատար ավտոմեքենան բախվել է Mercedes ավտոմեքենային։Ոստիկանության տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՊՆ-ի ավտոմեքենայի 2 ուղևորները՝ զինծառայողներ, սակայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը պնդում է՝ տուժածներ չկան։

-Շահումյանի շրջանին սահմանակից ադրբեջանական Գերանբոյի շրջանում, համաձայն տեղի ոստիկանական բաժանմունքի հաղորդած տվյալների, «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ուղևորներից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էլմյադին Սադիգովը, մահացել է։ Վարորդին՝ ՊՆ զորամասերից մեի պայմանագրային զինծառայող Ջաֆանշիր Ալիևին, մյուս ուղևորներին՝ Էլշան Ալիևին ու Էմին Քազիմովին, տեղափոխել են հոսպիտալ։

-Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում մայիսի 12-ին կայացավ ֆրանս-ադրբեջանական գործարար համաժողով՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Դրա ընթացքում կնքվեցին երկկողմ մի քանի պայմանագրեր։ Դրանց շարքում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի և ֆրանսիական Alstom ընկերության՝ Alstom Transport երկաթգծեր, վագոններ, ենթակառուցվածքային տեխնիկա արտադրող դուստր ձեռնարկության տնօրեն Անրի Պուպո Լաֆարգի միջև բեռնատար գնացքաքարշեր գնելու առնչությամբ կնքված պայմանագիրը։

Alstom Transport-ը պարտավորվում է, ըստ պայմանագրի կետերի, Ադրբեջանի երկաթգծային ընկերությանը տրամադրել 50 հատ KZ8A էլեկտրաքարշեր։ Դրանք պետք է արտադրվեն ֆրանս-ադրբեջանական համատեղ EKZ ընկերության կողմից 2016-2018-ն ընկած ժամանակահատվածում։

Համացանցում տարածվել է Սիրիայում ադրբեջանցի սպանված զինյալների դիերը ներկայացնող հերթական տեսանյութը։ Ադրբեջանական մամուլը հավաստիացնում է՝ նրանք վերջերս գրանցված մարտերի ընթացքում են սպանվել։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը հեռացված է պաշտոնից, նա համալրել է պահեստազորը, իսկ նոր տեղակալ է նշանակվել Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու)  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Թոֆիք օղլու Վելիևը։ 

-Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար, գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը, որը սույն պաշտոնը զբաղեցնում էր 2013-ի հոկտեմբերի վերջից, ազատվել է պաշտոնից։ Նրան նշանակել են Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի ղեկավար։

Բացի այդ, Հասանովի հրամանով՝ ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար, գնդապետ Ֆիզուլի Սալախովը փոխարինել է Փիրիևին նախկին պաշտոնում՝ նշանակվելով Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Ազադ Աղաևը։

-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ Ադրբեջանում «Շուշին հայերին հանձնելու» և «ազգային դավաճանության» համար մեղադրվող գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը նշանակվել է ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ փոխարինելով գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովին։ Օրուջևի նշանակումն Ադրբեջանում դժգոհություններ է առաջ բերել։

-Ադրբեջանի զինված ուժերի Բեյլագանի 2-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Մահմուդ Համզաևին ձերբակալել են խոշոր չափերի գումարի ապօրինի սեփականացման մեղադրանքով:

” Զաքիր Հասանովի հրամանով՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված ԶՈւ Հեյդար Ալիևի անվան ռազմական լիցեյի տնօրեն, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը հեռացվել է պաշտոնից և նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ։

-Ադրբեջանի զինված ուժերի Բեյլագանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Այազ Հասանովը հեռացվել է պաշտոնից։ Ընդ որում, միայն հեռացվելուց հետո է պարզ դարձել, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հենց Հասանովին էր նշանակել սույն պաշտոնում թերևս 2013-ի հոկտեմբերի 24-ից մեկնարկած կադրային փոփոխությունների շրջանակներում։

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ շեշտելով, որ ներկայումս բանակցություններ են վարում Ադրբեջանի կրթության նախարարության և զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության հետ՝ երկրում միջնակարգ դպրոցներին սեփական արտադրության ուսումնական զենքով և հրաձգության վարժասարքերով ապահովելու նպատակով։

Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության ընկերությունը (MKE) հրապարակել է 2013-ի իր գործունեության վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանը գնած սպառազինության արժեքով գնորդների շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը, ըստ այդմ՝ MKE-ից 2013-ին պատվիրել է մոտ 967 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով զենք-զինամթերք։

2014-ի մայիսի սկզբին հայտնի էր դարձել՝ մայիսի 14-15-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Նախարարի այցը հետաձգվել է՝  Թուրքիայի Մանիսա նահանգում ածխահանքում մայիսի 13-ի գիշերն արձանագրված պայթյունի պատճառով։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ մայիսի 14-ին այցելել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ Կասպից ծովի ափին տեղակայված Էլեթ ավանի կայան։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ 

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

 

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *