Նոր մանրամասներ՝ Սու-34 ռմբակոծիչների արտադրության ծավալների վերաբերյալ

Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանի տնօրեն Սերգեյ Սմիրնովը մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է հետաքրքիր մանրամասներ՝ ընթացիկ տարում արտադրված Սու-34 ճակատային ռմբակոծիչների և հետագա տարիների արտադրական ծավալների վերաբերյալ։ Սմիրնովի՝ առավել ուշագրավ խոսքերն է մեջբերել ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Ըստ այդմ, ավիաշինական գործարանը 2014-ի արտադրական պլանով նախատեսված 16 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչներից մայիս ամսվա դրությամբ հավաքել է արդեն 14-ը, կա նպատակ գերակատարել տարվա պլանը 2 ինքնաթիռով։

Պետք է նշել, որ Նովոսիբիրսկի ավիաշինական գործարանը ՌԴ ՊՆ-ի հետ ընդհանուր առմամբ 32 միավոր Սու-34 ռմբակոծիչի մատակարարման պայմանագիր է կնքել 2008-ին։ Իսկ 4 տարի անց՝ 2012-ին, պաշտպանական գերատեսչությունն ավելացրեց պատվերի ծավալը՝ մինչև 2020-նն ակնկալելով ստանալ հավելյալ 92 ռմբակոծիչ։ Ներկայումս ավիաշինական գործարանի մասնագետներն իրականացնում են արդեն պատրաստ ռմբակոծիչների ամբողջական զննումն ու փորձնական թռիչքները։

Սու-27 կործանիչի հիման վրա ստեղծված Սու-34 ճակատային ռմբակոծիչը նախատեսված է հակառակորդի ցամաքային և վերջրյա թիրախների ճշգրիտ ռմբակոծման համար՝ այդ թվում նաև միջուկային ռումբերով։ Ինքնաթիռը շահագործվում է 2014-ից։ Մինչ օրս արտադրվել է Սու-34-ի 7 նախատիպ և 39 ինքնաթիռ՝ շահագործման հանձնելու համար։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող ճակատային ռմբակոծիչը կարող է զարգացնել մինչև 1900 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Ինքնաթիռը կարող է օդ բարձրացնել մինչև 12 000 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր և հրթիռային սպառազինություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *