Մոնթեականը՝ Կուրսկի ճակատամարտին նվիրված համաժողովին

Տարիներ անց նրանք ուրախ էին, հաղթանակած, հպարտանում էի, որ այդպիսի մարդկանց կողքին էի։ Ու ընդհանրապես չէր երևում, որ մեզնից մեծ են, մեզնից աշխույժ էին, կենսախինդ։ Հայրենական պատերազմի մասնակից վետերանների հետ հանդիպման մասին Ռազմինֆոյին պատմում է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Վիգեն Սարուխանյանը։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը

Վիգենը երկու շաբաթ առաջ հնարավորություն է ունեցել մասնակցել Կուրսի ճակատամարտին նվիրված համաժողովին, որն անցկացվել է ապրիլի 28-29-ը Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքում։

Թեև տարիքով ամենափոքրն է եղել ինչպես հայաստանյան պատվիրակության կազմում, այնպես էլ ողջ համաժողովի մասնակիցների թվում, բայց ստացած տպավորություններն ու զգացողությունները աննկարագրելի է համարում։

«Մեր պատվիրակությունը 10 հոգուց էր բաղկացած, ես էլ ամենափոքրն էի։ Մեզ հետ պատմաբաններ կային, վետերաններ։ Բայց բոլոր պատվիրակություններին զարմացնում էր, որ տեսնում էին ինձ համազգեստով,- պատմությունը սկսում է Վիգենը։

Ըստ Վիգենի՝ ինքը միակն է եղել, այլ պետությունների պատվիրակությունների կազմում զինծառայողներ չեն եղել։

Հետո սկսում է պատմել վետերանների հետ իր հանդիպման ու ամենաշատը տպավորված պատմության մասին։

«Այն ժամանակ հացը գրամով է եղել, ու երբ այդ վետերանի մայրը մահացել է, իսկ հայրն արդեն պատերազմի դաշտում է եղել, ինքն ու իր քույրը հրաժարվել են գրամով տրվող հացից, որպեսզի իրենց մորը հողին հանձնեն։ Այդ վետերանն ինձ ասաց, թե մայրը ցանկացել է, որ ինքը դաշնակահար դառնար, բայց ինքը զինվոր դարձավ, քանի որ հայրենիքն այն ժամանակ զինվորի կարիք ուներ։ Նման պատմություններ շատ եմ լսել ու իսկապես շատ տպավորիչն էին ինձ համար»,- հիշում է Վիգենը։

«Գիտեք՝ պատիվ էր լսել ու տեսնել պատերազմի ականատեսներին ու խոսել նրանց հետ։ Նրանց հետ զրույցներից շատ բան սովորեցի, շատ բան իմացա»,- ասում է սանը։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը Հայրենական մեծ պատերազմի վետերանի հետ Կուրսկ քաղաքում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը Հայրենական մեծ պատերազմի վետերանի հետ Կուրսկ քաղաքում

«Արդեն 2-րդ տարին մեր վարժարանի սաները մասնակցում են «Մեծ հաղթանակ ձեռքբերված միասնությամբ» խորագիրը կրող պատմամշակութային ներկայացուցչական համաժողովին։ Անցած տարի մեր սանը մասնակցել էր Ստալինգրադի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, այս տարի արդեն՝ Կուրսի ճակատամարտին։ Մյուս ներկայացուցչությունները կազմված են եղել վետերաններինց, պատմաբաններից, մշակութը ներկայացնող անձնավորություններից, իսկ մեզ մոտ նաև կուրսանտից։ Դա մեծ տպավորություն է թողել մյուս պետությունների վրա։ Մեր նպատակն էր ներկայացնել, որ այդ սերունդն էլ տեղյակ է, գիտի իր պապերի կատարած սխրանքների մասին։ Նրանք հարգում են, ընդունում են այդ մարդկանց ու հաղթանակն ու ժառանգական գնալու է։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, իրենք էլ հպարտությամբ որպես հաղթանակի կրողներ մասնակցելու են»,- իրենց սանի ներգրավվածության նպատակների մասին Ռազմինֆոյին պատմեց ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական մասի պետ, մայոր Կարեն Ավագյանը։

Մայոր Ավագյանը հավաստիացնում է, որ երբ սաները նման միջոցառումների են մասնակցում, հետո հենց վարժարանում մյուս սաների համար հանդիպում են կազմակերպում, որ նրանք էլ տեղյակ լինեն, իմանան։

«Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի պատերազմն էլ է, ու հաղթանակը մերն էլ է»,- եզրափակում է մայորը։

Իսկ Վիգենը շտապում է նշել, որ կուզենար նման միջոցառումների մասնակցել, բայց իրեն ավելի շատ գրավում են մրցութային հավաքները։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Վիգեն Սարուխանյանը

«Մտածում եմ, որ եթե ես վարժարանում չսովորեի, նման հաջողություններ չէի ունենա։ Այսքան ընկերներ, շրջապատ, նոր իրադարձություններ, շատ բան եմ սովորում այստեղ»,- ավարտում է ապագա դեսանտային, Հայաստանին ձմռանը հաղթանակ բերած 10 մոնթեականներից Վիգենը։

Վիգենի ու մյուս տղաների հաղթանակի պատմությունը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *