Չեխիան ու Սլովակիան ԲՄՊ-2-ի համատեղ արդիականացում են ներկայացրել

Սլովակիայի պաշտպանության նախարարության պատվերով Չեխիայի ու Սլովակիայի ընկերությունները արդիականացրել են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան ու ներկայացրել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող IDEB-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, ինչ մասին հայտնում է armyrecognition.com կայքը:

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի չեխ-սլովակական համատեղ Sakal արդիականացումը

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի չեխ-սլովակական համատեղ Sakal արդիականացումը

Մեքենայի արդիականացված տարբերակը, որին տրվել է Sakal (Սակալ) անվանումը, ի թիվս այլ փոփոխությունների, հարմարեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Մասնավորապես հետևակի մարտական մեքենան համապատասխանեցվել է ՆԱՏՕ-ի՝ զրահատեխնիկայի պաշտպանվածության STANAG 4569 ստանդարտին:

Այն ապահովում է 3-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն՝ պաշտպանված է մինչև 7,62 մմ × 51 զրահահար փամփուշտներից: Իսկ հակաականային պաշտպանվածության մակարդակը թրթուռների տակ ականի պայթյունի դեպքում համապատասխանում է 2Ա մակարդակի (մինչև 6 կգ պայթուցիկ նյութ), մեքենայի տակ՝ 1-ին մակարդակի (ձեռքի նռնակներ ու հակահետևակային ականներ):

Արդիականացման վրա տեղադրվել է նաև նոր Turra 30 մարտական հանգույց, որի վրա տեղադրված են 30 մմ ավտոմատ թնդանոթ ու 7,62 գնդացիր, ինչպես նաև հակատանկային հրթիռների երկու արձակման կայաններ: Ընդ որում՝ աշտարակն ունի կրակի կառավարման համակարգ, իսկ սպառազինության ղեկավարումը կարող են իրականացնել ինչպես մեքենայի հրամանատարը, այնպես էլ նշանառու-օպերատորը:

Հիշեցնենք, որ խորհրդային նախագծման ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները արտանագրով արտադրվել են նաև նախկին Չեխոսլովակիայում (արտադրող գործարանը ներկայում Սլովակիայի Դետվա քաղաքում է): Չեխոսլովակյան տարբերակը ստացել է BVP-2 անվանումն ու արտադրվել է 1984-1987 թվականների ընթացքում՝ ընդհանուր առմամբ՝ 344 միավոր:

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան նախատեսված է հետևակի՝ անմիջապես մարտի դաշտ տեղափոխելու ու մարտ վարելու համար: Այն նախագծվել է ԽՍՀՄ-ում ու արտադրվել ԽՍՀՄ-ում, վերը նշված Չեխոսլովակիայում ու Հնդկաստանում: Ռուսաստանում այն շարունակել է արտադրվել մինչև 2008 թվականը:

ՀՄՄ-ի բազային տարբերակը զինված է 30 մմ զենիթային թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու հակատանկային կառավարվող հրթիռներով: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենան լողացող է, իսկ ցամաքում զարգացնում է մինչև 65 կմ/ժ:

One response to “Չեխիան ու Սլովակիան ԲՄՊ-2-ի համատեղ արդիականացում են ներկայացրել

  1. Pingback: Չեխիան Իսրայելի հետ համատեղ մտադիր է արդիականացնել իր ՀՄՄ-ները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *