Հնդկաստանը հայտարարում է հեռավոր հայտնաբերման ինքնաթիռների գնման նոր մրցույթ

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը 2014-ի մայիսի 11-ին հայտարարել է հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման 6 ինքնաթիռի գնման մրցույթ, որին մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև ընթացիկ տարվա հուլիս ամիսը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. Հնդկաստանի ՌՕՈւ

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. Հնդկաստանի ՌՕՈւ

Մրցույթի մասնակցության հայտերն ուղարկվել են եվրոպական Airbus, ամերիկյան Boeing, բրազիլական Bombardier, ֆրանսիական Dassault, շվեդական Saab ընկերություններին և ռուսաստանյան Միացյալ ավիաշինական կորպորացիային։

Հնդկական կողմը սահմանել է տեխնիկական որոշ պահանջներ, որոնցով պետք է օժտված լինեն մրցույթին մասնակցող ինքնաթիռները։ Ըստ այդմ, ռադիոտեղերոշիչ կայանի տրամագիծը պետք է լինի 10 մետր, ինքնաթիռի շահագործման ժամկետը՝ ոչ պակաս, քան 30 տարին, իսկ մատակարարումն իրականացվի 2020-2021 թվականներին։

Նշենք, որ Հնդկաստանը հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռների իր ավիապարկը փորձում է համալրել խառը սկզբունքով՝ ընդհանուր առմամբ 20 միավոր թեթև և ծանր ինքնաթիռներով։ Դրանց միջոցով լուծվող հիմնական խնդիրը լինելու է Հնդկաստանի՝ շուրջ 7 517 կմ-անոց սահմանագծի հսկումը։

Ներկայումս այդ երկրի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կազմում արդեն իսկ շահագործվում են ռուսաստանյան Ա-50 հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման 3 ինքնաթիռ։ Հնդկաստանը դրանց գնման պայմանագիրը կնքել էր դեռևս 2003-ին՝ վճարելով ընդհանուր առմամբ շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար։ Մատակարարված Ա-50-ները հնդկական ՌՕՈւ-ում շահագործման են անցել 2011-ին։ Նույն տարում այդ երկիրը հայտնեց, որ ցանկանում է ձեռք բերել ևս 2 միավոր Ա-50, սակայն գալ համաձայնության կողմերին չհաջողվեց։

Հարկ է նշել, որ Հնդկաստանը տանում է աշխատանքներ նաև սեփական ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ։ Հնդիկ մասնագետներն այժմ աշխատում են ռադիոտեղորոշիչ կայանի նախագծման վրա, որը նախատեսում են տեղադրել բրազիլական Embraer EMB-145I ինքնաթիռների վրա։ Նախատեսվում է ստանալ ՌՏԿ, որն ունակ կլինի հայտնաբերել թիրախները 250-ից 375 կմ հեռավորության վրա, մինչդեռ համեմատության համար նշենք, որ ռուսաստանյան Ա-50-ի համար այս ցուցանիշը 400-ից 500 կմ է։

Իլ-76 բեռնատար ինքնաթիռի հիման վրա կառուցված հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռը նախատեսված է հակառակորդի ցամաքային և օդային թիրախների, ինչպես նաև թևավոր ու բալիստիկ հրթիռների հայտնաբերման համար։ Ինքնաթիռը կարող է նաև կոորդինացնել սեփական օդուժի կործանիչների գործողությունները։ Կախված թիրախների տեսակից՝ Ա-50-ը դրանք կարող է հայտնաբերել մինչև 500 կմ հեռավորության վրա։

One response to “Հնդկաստանը հայտարարում է հեռավոր հայտնաբերման ինքնաթիռների գնման նոր մրցույթ

  1. Pingback: Հնդկաստանը կարող է 3 միավոր հեռավոր հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ գնել Ռուսաստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *