Զրահափոխադրիչներ արտադրող թուրքական ընկերությունն անցավ Էրդողանի ընկերոջը

Թուրքիայի զինված ուժերի համար «Քիրփի» զրահափոխադրիչներ արտադրող BMC ընկերությունը, որը սնանկ էր ճանաչվել և հանվել էր աճուրդի, անցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի մտերիմ գործարարներից մեկին։

Kirpi

Kirpi

Մայիսի սկզբին աճուրդի եզրափակիչ փուլում մնացել էր մեկ գնորդ՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» (ES Mali Yatirim) ընկերությունը, որը պատկանում է գործարար Էթհեմ Սանջաքին։ Աճուրդի միակ մասնակիցը մայիսի 2-ին BMC-ն ձեռք բերելու համար վերջնական առաջարկել էր 345 մլն ամերիկյան դոլար։ Մայիսի 8-ին թուրքական կառավարությունը հաստատել է ընկերության վաճառքը Սանջաքին, ով խոստացել է 500 մլն ներդրում կատարել և 3600-ից ավելի աշխատատեղ բացել ձեռնարկությունում։

DefenseNews-ի տվյալներով՝ Սանջաքը Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի մերձավորներից է և երկրի ամենահայտնի գործարարներից, ով մինչ ռազմարդյունաբերական ոլորտ մուտքը, որն էլ պետք է սկսվի BMC-ի գնումով, զբաղվել է առողջապահական և դեղագործական ոլորտներով, իսկ վերջին շրջանում ուշադրություն է դարձնում նաև մեդիաոլորտին։

Սպասվում է, որ Էրդողանի մերձավորի մուտքն այս ոլորտ կարող է լուրջ մրցակցություն առաջացնել զրահատեխնիկա արտադրող թուրքական այլ մասնավոր ընկերությունների, մասնավորապես, Otokar-ի և FNSS-ի համար։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում էր շուրջ 455 մլն ամերիկյան դոլար։

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մաս էր կազմում «Չուքուրովահոլդինգին», աճուրդի էր հանվել ապրիլ ամսին։

2013-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց 2009-ին BMC ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով նախատեսվում էր թուրքական զինուժին փոխանցել 468 միավոր MRAP դասի Kirpi զրահամեքենա։ Պայմանագրի խզման պատճառը զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումն էր։ Խոշոր պայմանագրի խզումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունենա։

Մինչ պայմանագրի խզումը, BMC-ն թուրքական զինուժին է փոխանցել 293 զրահամեքենա, որոնք ներկայում շահագործվում են։

4 responses to “Զրահափոխադրիչներ արտադրող թուրքական ընկերությունն անցավ Էրդողանի ընկերոջը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 | Ռազմ.info

  2. Pingback: Էրդողանի մտերիմը վերականգնում է Թուրքիայի ռազմական մեքենաշինությունը | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությանը նոր արտադրական տարածք է հատկացվել | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիան` Գերմանիայի և Մալազիայի հետ համատեղ կարտադրի նոր զրահատեխնիկա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *