Եռատոնը՝ սերունդների աչքերով. նշվեց հաղթանակների օրը (ֆոտոշարք)

Հաղթանակի զբոսայգու կամարների մոտ ենք։ Եռագույններն ու փողոցում շարված ծաղիկների փնջերը մի որոշ տեղ ուղեկցում են ներս մտնողին, իսկ հետո ճանապարհ տալիս երեխաներին, վետերաններին ու բոլորին։

Հայրենական պատերազմի մասնակից վետերանները

Հայրենական պատերազմի մասնակից վետերանները

Նստարաններին Հայրենական պատերազմի մասնակից վետերաններն են, իրար հարցուփորձ են անուն, փորձում բացակա ընկերներից տեղեկանալ… չի ստացվում. ոչ թե ուշանում են, այլ  ոմանք այլևս չկան։ Մեկ անգամ ևս ուղղում են կրծքից կախված մեդալներն ու հանգիստ, դողացող քայլերով շարժվում առաջ։ Շատ բան չեն հիշում, իրենք իրենց վրա բարկանում, որ 90 տարեկանում հիշողությունը դավաճանում է։

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Երկար ենք քայլում, վետերանների արանքներում զինվորական համազգեստ հիշեցնող հագուստներով երեխաներ են վազվզում։ Նայում են պապիկներին, հետո իրենց հագուստներին ու արագ-արագ դեպի անմար կրակը վազում։

Ապագա զինվոր Գուրգենը

Ապագա զինվոր Գուրգենը

Ապագա զինվոր Գուրգենը

Ապագա զինվոր Գուրգենը

Երեխաներից մեկի ձեռքին խաղալիք հրացան է, զինվորի նման պահել ու հպարտ առաջ է գնում։

—Անունդ ի՞նչ է։

Գուրգեն։

—Գուրգեն, քանի՞ տարեկան ես։

Ձեռքով 4 մատ է ցույց տալիս ու ասում՝ 4 տարեկան եմ արդեն։

—Մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ։

Զինվոր, որ թուրքերից բոլորին պաշտպանեմ։

—Իսկ թուրքն ո՞վ է, ի՞նչ գիտես իր մասին։

Վատն է, ինքը սպանել է…  (սկսում է առաջ անցնել-հեղ)

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ

Հասնում ենք անմար կրակին, որտեղ արդեն ծաղիկների ու ծաղկեպսակների մեծ կույտ է առաջացել։ Ի տարբերություն Ծիծեռնակաբերդի ծաղիկների՝ այս ծաղիկները հաղթանակի, շնորհակալության ու տարած ամենագեղեցիկ հաղթանակի համար են զարդարում երկինք բարձրացող կրակի շուրջբոլորը։

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը

Մոնենում են վետերանները, ծերությանը չնայելով մի քանի անգամ խոնարհվում, խաչակնքում, երկար նայում կրակին ու ինչ-որ բան հիշում, հետո նայում են կողքից խանգարող երեխաներին ու ասում՝ այ իրենք են մեր այսօրվա սերունդը, իրենք են այս հաղթանակները պահողները։

Զինծառայողն անմար կրակի մոտ

Զինծառայողն անմար կրակի մոտ

Բժիշկ, զինվոր ու շինարար   դառնալ երազողը

Բժիշկ, զինվոր ու շինարար դառնալ երազողը

Մայիսի 9-ը ամենահետաքրքիր օրերից է։ Հենց այդ օրը Եռատոնն (Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի հիմնադրումը) ամբողջանում է սերունդների տարբերությամբ։ Հայրենական պատերազմի մասնակիցներն են կրակի շուրջ, հետո մոտենում են Արցախյան հերոսամարտի ազատամարտիկները, իսկ նրանց արանքներում մեր այսօրը՝ հավաքված զինծառայողներն ու նրանց նմանվել փորձող երեխաները։

Վայելում են Հաղթանակին նվիրված երգերը

Վայելում են Հաղթանակին նվիրված երգերը

Հաղթանակի ու անկախության սերունդը

Հաղթանակի ու անկախության սերունդը

Զինվորականները Հաղթանակի զբոսայգում

Զինվորականները Հաղթանակի զբոսայգում

«17 տարեկան էի, կանչեցին Կապանի զինկոմիսարիատ, ով ռուսերեն գրել-կարդալ գիտեր, տարան։ Ես հրետանավոր եմ եղել, Ռոստովի պաշտպանությանն եմ մասնակցել։ Հիշում եմ, որ պատերազմը մեզ համար վերջացավ 1945 թվականի մայիսի 6-ին։ Երեք ընկեր ունեի մոտիկ, այսօր երեքն էլ չկան, մահացել են»,- պատմում է Արաբկիր համայնքի Հայրենական պատերազմի և զինուժի վետերանների խորհրդի նախագահ Ժորա Թունյանը։

Զինծառայողն իր երեխայի հետ

Զինվորական հանդերձանքով հայրն իր երեխայի հետ

Փոքրիկ հայուհին

Փոքրիկ հայուհին

Հետո շարունակում ենք զրույցը։

«Պատերազմում գիտես, որ գնում ես ու հետ գալու հավանականությունը քիչ է։ Պատերազմում ոչ մի լավ բան չկա։ Իսկ Արցախյան պատերազմում մեր հայ ժողովուրդը «տղավարի» կարողացավ Արցախը պահել, ու հիմա պետք է ամեն ինչ անենք, որ ճանաչենք ու միացնենք Հայաստանին, որ ոչ թե անկախ պետություն լինի, այլ միասին»,- շեշտում է վետերանը։

Հաղթանակի օրվա հաղթական տրամադրություն ապահովողները

Հաղթանակի օրվա հաղթական տրամադրություն ապահովողները

Շուրջբոլորը մեդալների ձայներ են, հավաքվածները կատակով ասում են՝ տարիներ առաջ սրա տեղը փամփուշտներ էինք կրծքից կախում։

Զրահատեխնիկան «առգրավել» են երեխաները

Զրահատեխնիկան «առգրավել» են երեխաները

«Հեշտ չի ուրիշի հողի համար պայքարելը, իսկ մենք մեր հողի համար էինք պայքարում։ Եթե ադրբեջանցիներին ստիպողաբար էին բերում, ապա մենք կամավոր էինք գնում, մենք մեր հողի համար էինք գնում։ Հետո մեկս մյուսին սիրում էինք, պաշտում, դրա համար հաղթանակը մերը եղավ»,- զրուցում ենք արդեն Արցախյան ազատամարտի մասնակից, Հատուկ գնդի դեսանտային վաշտի ազատամարտիկ Նորայր Վարդանյանը։

Նորայր Վարդանյանն իր մարտական ուղին սկսել է Շահումյանից, ավարտել՝ Ֆիզուլիում։ Իսկ Շուշիի ազատագրման ժամանակ պահեստազորում է եղել, ինչպես ինքն է նշում՝ թիկունք են պահել, որ արագ արձագանքեին։

Ազատամարտիկ Նորայր Վարդանյանը կնոջ հետ

Ազատամարտիկ Նորայր Վարդանյանը կնոջ հետ

«Մենք պատերազմի դաշտում մեր հաղթանակն ավելի հեշտ էինք պահում, քան հիմա։ Հիմա ստահոդ լուրերը, քարոզչությունը խանգարում է։ Նրանց (ադրբեջանցիներ-հեղ) հավատում են, քանի որ պատմություն չգիտեն։ Իսկ մենք պիտի թույլ չտանք, որ աշխարհն իմանա, թե Ալիևի ասած Բաքուն Երևանի տարեկիցն է ու իրենք էլ 90 տարվա պետականություն ունեն։ Մենք միշտ պատրաստ ենք, իսկ իրենք զգուշանում են, քանի որ գիտեն, եթե հարձակվեն, կորցնելու են ավելին»,- ավարտում է ազատամարտիկը։

Հաղթանակի ու անկախության սերունդը

Հաղթանակի ու անկախության սերունդը

Ապագա զինվորը

Ապագա զինվորը

Դարձյալ երեխաներ են հավաքվում, դարձյալ զինվորական շորերով ու բոլորը միահամուռ նշում են՝ զինվոր ենք դառնալու։

Իրական զինծառայողներն ու հաղթանակի հերոսները ծիծաղում են ու ասում՝ որ ասում են, ուրեմն կանեն։

Վերադառնում ենք զբոսայգու կամարների մոտ, որտեղ դպրոցական երեխաները ներկերով ու վրձիններով ցանկացողների վրա  եռագույնն են պատկերում։

«Տոնական տեսք է տալիս, այսօր մեր հաղթանակների օրն է»,-  ասում են օրվա նկարիչները։

Օրվա նկարիչները

Օրվա նկարիչները

Մուտքի մոտ ազատամարտիկների խմբի ենք հանդիպում, զրուցում ենք, հիշում են 2 տասնամյակ եղածն ու չեղածը։

«1989 թվականիի ապրիլի 25-ից զինվորագրվեցի Հայոց ազգային բանակին, հետախույզ էի։  Փոքր լինելով ճարպիկ էի, ինչքան փոքր ես, այնքան ուզում ես հերոսանալ ու վախն այդպես չես էլ գիտակցում»,- սկսում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։

«Սկզբում պարսատիքով էինք կռվում, մինչև զենք եկավ։ 14 տարեկանն ամենալավը պարսատիքին է տիրապետում»,- ընկերոջն ընդմիջում է մյուս ազատամարտիկն ու հաղթական ծիծաղ է բարձրանում։

Պատմության շղթան շարունակում է Անկախության բանակի ազատամարտիկ, փոխգնդապետ Թորգոմ Նալբանդյանը։

«Պատերազմն ամենալավ դպրոցն է։ Ինչքան ուզում ես թիկունքում մարզվի, բայց երբ պատերազմ ես գնում, տեսնում ես, որ ինչ սովորել ես տարբեր է այնտեղից։ Շատ կարևոր է առաջին օրը, քո առաջին մարտը։ Այդ դեպքում եթե քո կողքին վստահելի, փորձառու ընկեր է, ապա դու հերոս կդառնաս, եթե չէ՝ կարող է դավաճան դառնաս։ Պատերազմում հերոսությունից դավաճանություն մի քայլ է։ Առաջին մարտի ժամանակ բոլորն էլ վախենում են, եթե ասեն, որ չեն վախեցել, չհավատաք։ Բայց եթե կողքինդ փորձառու  է ու ասում է «Ցավդ տանեմ, դուխիդ մեռնեմ» խփում է ուսիդ, զգում ես այդ ուժն ու կարողանում ես պահել։ Դժվար է նաև երկրորդ մարտը, քանի որ արդեն աքլորացած ես լինում ու ուզում ես քեզ ցույց տալ։ Էլի այդ փորձառու ընկերն է պետք, որ ձեռքիցդ քաշի ու ասի՝ խելոք մնա։ Դրանից հետո սովորում ես»,- ասում է փոխգնդապետը։

Մայր Հայաստան

Մայր Հայաստան

Այժմ հաղթանակը պահելու համար պիտի այլ դաշտ տեղափոխվես՝ դիվանագիտության դաշտ, բայց դրա հետ մեկտեղ չմոռանաս հաղթանակը նվաճածներին։

«Մենք հաղթեցինք, քանի որ հոգեբանորեն պատրաստ էինք, մենք գիտեինք ինչի համար ենք կռվում։ Իրենք գալիս էին ինչ-որ սուտ քարոզչության համար, վստահ լինելով, որ միայն իրենց տեսքից պիտի փախչենք, բայց որ տեսնում էին չենք փախչում, մոլորվում էին։ Մեզ մոտ քարոզչություն չի եղել, մենք բոլորս գիտեինք ինչու ենք գնում ու պարտության դեպքում մեզ ինչ է սպասվում»,- եզրափակում է Թորգոմ Նալբանդյանը։

Իսկ մարդկանց հոսքը Հաղթանակի զբոսայգի շարունակվում է, գալիս են մեկ անգամ ևս խոնարհվելու ու այսօրվա Հայաստանի ու նվաճած խաղաղության համար շնորհակալություն հայտնելու՝ մինչև նոր պատերազմ, երբ հերթն իրենցը կլինի…

One response to “Եռատոնը՝ սերունդների աչքերով. նշվեց հաղթանակների օրը (ֆոտոշարք)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *