Վրաստանը հայտարարել է համազարկային կրակի G-122 ռեակտիվ համակարգի նախագծման ավարտի մասին

Վրաստանի ռազմական արդյունաբերության արտադրատեսակները համալրվել են ևս մեկ նմուշով։ Ռազմական ոլորտի արտադրանք տվող «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը հայտարարել է համազարկային կրակի G-122 հրթիռային համակարգի ստեղծման աշխատանքների բարեհաջող ավարտը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

GG-122 համակարգը զորահանդեսի ժամանակ

GG-122 համակարգը զորահանդեսի ժամանակ

Ըստ էության, վրաստանյան նոր արտադրանքը խորհրդային նմուշի ԲՄ-21 Գռադ (ռուս,՝ БМ-21 Град) համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ձևափոխված տարբերակն է։ Ամբողջությամբ նույնն է մնացել հրթիռների արձակման 40 փողանոց համակարգը, որը պարզապես դրվել է նոր շասիի վրա։

Ինչպես հայտնի է, հանրահայտ Գռադ համակարգը տեղադրված է Ուրալ բեռնատարների վրա, որոնք սակայն զրահապատ չեն, ինչը զգալի նվազեցնում է անձնակազմի պաշտպանվածությունը հակառակորդի հնարավոր գնդակոծումից։ «Դելտա» կենտրոնի մասնագետները համակարգի հրթիռային բաղկացուցիչը տեղափոխել են КрАз-63221 բեռնատարի վրա, որը գրեթե ամբողջությամբ զրահապատ է։

Խոսելով նորաստեղծ G-122 համակարգի մարտական հնարավորությունների մասին՝ պետք է նշել, որ դրանք օգտագործում են 122 մմ-անոց նույն արկերն, ինչ Գռադ համակարգը։ Այս հանգամանքը հեշտացնում է զինամթերքի ապահովման հարցը, քանի որ վերոնշյալ տրամաչափի արկերն ունեն բավական լայն տարածում ու բացի այդ, որքան էլ Վրաստանն իր ռազմական հեռանկարները կապում է Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ, այդուհանդերձ վրաստանյան զինված ուժերի պահեստներում դեռևս երկար ժամանակ զգալի ծավալ կկազմի խորհրդային/ռուսաստանյան զինամթերքը։

Հավելենք, որ նույնն է մնացել նաև համազարկային կրակի G-122 ռեակտիվ համակարգի՝ կրակի նշանառման օպտիկական համակարգը, թեպետ նախագծի վրա աշխատողները չեն բացառում, որ հետագայում կրակի կառավարումն իրականացվի համակարգչային ավտոմատացված համակարգի միջոցով։

GG-122 համակարգը համազարկային կրակի ժամանակ

GG-122 համակարգը համազարկային կրակի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *