Սուդանը ռմբակոծում է Հարավային Սուդանը

Սուդանի ավիացիան այսօր ռմբակոծել է Հարավային Սուդանի Բանտիո քաղաքը։ Ըստ «Ֆրանս Պրեսս»-ի թղթակցի տվյալների՝  ռումբերն ընկել են քաղաքի կամրջի և շուկայի հարակից տարածքների վրա և որի արդյունքում զոհվել է մեկ երեխա, վիրավորվել մի քանի մարդ։

Հարավային Սուդանը նորանկախ պետություն է, որը նախորդ տարվա հուլիսի 9-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա հռչակվեց անկախ պետություն։ Հարավային Սուդանի անկախությունն առաջին ճանաչողներից էր Սուդանը, որի նախագահ Օմար ալ Բաշիրն անձամբ մասնակցել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում անկախության հռչակման պաշտոնական միջոցառմանը։

Անկախության հռչակումով ակնկալվում էր վերջ դնել 1980-ականներից շարունակվող միջէթնիկական-կրոնական հակամարտությանը հյուսիսի արաբ մահմեդականների և հարավի կաթոլիկների ու անիմիստների միջև։ Դեռևս 2007 թվականին հակամարտության կարգավորման համար Հարավային Սուդան է այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Միջազգային հանրությունը հակամարտության գոտի խաղախապահներ և հումանիտար ուժեր է ուղարկել, որոնց շնորհիվ վեց տարվա ընթացքում երկրում հարաբերական խաղաղություն է եղել, ձևավորել են կառավարությունը, զինված ուժերն ու իրավապահ մարմինները։

Սակայն նույնիսկ հարավի անկախացումից հետո երկու երկրների միջև տարածքային և տնտեսական կոնֆլիկտները չվերացան։ Մինչ տրոհումը, Սուդանի նավթի արդյունահանման մոտ 75-80 տոկոսը բաժին էր ընկնում Հարավային Սուդանի նավթահանքերին, սակայն նավթատար խողովակներն անցնում են Հյուսիսային Սուդանի տարածքով։ Վիճելի են նաև սահմանամերձ նավթահանքերով հարուստ շրջանները, որոնց նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մտադրություն երկու երկրներն էլ չունեն։

Ռազմական բախումն այս անգամ տեղի է ունենում Հեգլիգ քաղաքի համար, որի նավթային ինֆրաստրուկտուրան տասնօրյա մարտերի ընթացքում ամբողջությամբ ավերվել է։ Հարավային Սուդանը գրավել էր քաղաքը ապրիլի 10-ին`հայտարարելով, որ նպատակ ունի կանխել Սուդանի կողմից իր նկատմամբ հարձակումը։ Ներկայումս Հարավային Սուդանի զորքերը լքել են քաղաքը սակայն սահմանային մարտերը շարունակվում են։

Նշենք նաև, որ Հարավային Սուդանի անկախությունը ճանաչել է  նաև Հայաստանը։

One response to “Սուդանը ռմբակոծում է Հարավային Սուդանը

  1. Pingback: Սուդանն իր զորքերը դուրս կբերի Հարավային Սուդանի սահմանակից Աբյեյի շրջանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *