Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին բախումներ են եղել. կան տուժածներ

Մայիսի 7-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին երկու երկրների քաղաքացիների միջև բախումներ են արձանագրվել սահմանային Բաթքենի շրջանում։ Դրանց հետևանքով տուժել են առնվազն 60 հոգի։ 

տաջիկ-ղրղզական սահման. աղբյուրը՝ novayagazeta-ug.ru

տաջիկ-ղրղզական սահման. աղբյուրը՝ novayagazeta-ug.ru

Ղրղզստանի սահմանապահների վարկածով՝ բախումների պատճառը տաջիկների խուլիգանական պահվածքն է, սակայն Տաջիկստանի պաշտոնական աղբյուրներն այլ վարկած են առաջ քաշել։ Ըստ նրանց՝ մեղավոր են ղրղզ երիտասարդները, որոնք ալկոհոլի ազդեցության քարեր են նետել Ղրղզստանում տաջիկական անկլավի՝ Վորուխի բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ղրղզական կողմը հայտնում է 30 տուժածի մասին, նրանցից հոսպիտալացվել են 9-ը, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ տաջիկական «Ազիա-Պլյուս» պարբերականը հաղորդում է՝ ընդհանուր առմամբ տուժել են երկու կողմերից 60 հոգի։

Ինչպես հաղորդում է ուզբեկական «Ֆերգանա» լրատվական գործակալությունը, բախումների մասնակիցները հիմնականում ղրղզական Օրթո-Բոզ և տաջիկական Խոջալի գյուղի բնակիչներն են՝ ընդհանուր առմամբ մոտ 100 հոգի։ Ըստ ղրղզական 24.kg կայքի՝ բանավեճն ու հակասությունները վերաճել են ծեծկռտուքի, նրանք սկսել են միմյանց վրա քարեր նետել։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն կարողացել կասեցնել վեճը և հարկադրված են եղել զենք կիրառել՝ օդ կրակելով։

Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Տաջիկստանի գյուղի բնակիչները նաև այրել են սահմանի բենզալցակայանը, խանութը, 2 բեռնատար ավտոմեքենաներ։ «Երեկոյան Բիշքեք» թերթի փոխանցմամբ էլ՝ բախումների մասնակիցների մի մասը վիրավորվել է ռետինե փամփուշտներից, իսկ ղրղզներից մեկն էլ հրազենքային վնասվածք է ստացել, քանի որ փորձել է կրակել սեփական որսորդական հրացանից, սակայն հմուտ չլինելով այս հարցում, ինքն  իրեն վնասել է։

Նկատենք, որ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանային բախումները պարբերական բնույթ են կրում։ Դեռևս 2014-ի  հունվարի 11-ին Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն էր եղել Աք-Սայ գյուղի մերձակայքում: Ղրղզական կողմը վկայում էր՝ տաջիկներն իրենց դեմ կիրառել են ականանետեր, ինչի հետևանքով էլ 6 ղրղզ սահմանապահ վիրավորվել է:

Տաջիկստանը պնդում է, որ ղրղզական կողմն է մեղավոր, քանի որ «փորձեր է ձեռնարկել շարունակելու ավտոճանապարհի շինարարությունը, որի մի մասը Տաջիկստանի տարածքով է անցնում»: Տաջիկների վարկածի համաձայն՝ իրենց սահմանապահները պահանջել են անհապաղ դադարեցնել շինարարությունը, ապա վեճ է բռնկվել կողմերի միջև, հրաձգությունը տևել է մեկ ժամ:

Նշենք, որ 2014-ի հունվարի 7-ին Ղրզստանի և Տաջիկստանի միջպետական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվել էր նաև սահմանային հիմնախնդիրը՝ որոշում կայացնելով որոշ հատվածներում համատեղ պարեկություն իրականացնել: Միջադեպը եղել էր հենց համատեղ պարեկության անցակետում:

Հավելենք, որ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի երկարությունը շուրջ 1000 կմ է: ԽՍՀՄ փլուզումից հետո կողմերն ունեն ավելի քան 70 վիճելի տարածքներ սահմանի երկայնքով: Իրավիճակը լարված է հատկապես Բաթքենի շրջանի սահմանամերձ հատվածում, որտեղ էլ կատարվել էր վերոհիշյալ միջադեպը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *