ԱՄՆ-ում սերիական արտադրության է դրվում PAC-3 (Patriot)հրթիռների նորագույն արդիականացումը

PAC-3 MSE (Patriot Advanced Capability-3 Missile Segment Enhancement) նորագույն հրթիռները սերիական արտադրության մտցնելու համար ամերիկյան Lockheed Martin ընկերությունը կստանա 611 մլն ամերիկյան դոլար: Գումարը կտրամադրի ԱՄՆ ցամաքային զորքերի ավիացիոն-հրթիռային հրամանատարությունը, որի հետ էլ նախագծող ընկերությունը պայմանգիր է կնքել, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

«Փեթրիոթ» համակարգ

«Փեթրիոթ» համակարգ

Երկու կողմերը պայմանագիրը կնքել են այն բանից հետո, երբ Lockheed Martin ընկերությունը PAC-3 հրթիռների արդիականացման արդյունքում ստացել է բալիստիկ, թևավոր հրթիռների ու այլ օդային թիրախների որսման ու ոչնչացման համար PAC-3 MSE որսիչ-հրթիռը ու փոքրաքանակ արտադրության է մտցրել այն:

Նոր հրթիռն ունի իր բազային տարբերակից ավելի կատարելագործված բնութագրեր: Շնորհիվ հրթիռի վրա տեղադրված ղեկավարման համակարգի ու հզորացված շարժիչային հանգույցի՝ այն կարողանում է թիրախները խոցել ավելի մեծ բարձրության ու հեռավորության վրա: PAC-3 MSE որսիչ-հրթիռն իր թիրախները խոցում է մարտագլխիկի անմիջական բախման միջոցով:

Ավիացիոն-հրթիռային հրամանատարության ու արտադրող ընկերության կնքած պայմանագրով՝ ընկերությունը սերիական արտադրության է դնելու ոչ միայն նոր հրթիռները, այլև դրանց կատարելագործված արձակման կայանները:

Ավելացնենք, որ ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։ PAC-3 համարվում է Patriot համակարգերի ամենաթարմ տարբերակը։ Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։

Նշենք, որ Թուրքիայի խնդրանքով 2013-ին ՆԱՏՕ-ն այս հրթիռային համալիրներից 6 մարտկոց տեղադրել է նաև թուրք-սիրիական սահմանին 1 տարի ժամկետով, իսկ հետագայում ևս մեկ տարով երկարացրել է դրանց տեղակայման ժամկետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *