Հնդկաստանը ռուսաստանցի մասնագետների օգնությամբ փորձարկում է Վիկրամադիտիա ավիակիրը

Ռուսաստանյան «Սևմաշ» նավաշինական ընկերության մասնագետները մասնակցել են հնդկական Վիկրամադիտիա ավիակրի պլանային տեսչությանը։ Ավիակիրը փորձարկվել է հենց Կարվար նավահանգստում, որտեղ էլ Հնդկաստան բեվելուց հետո կայանել է նավը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան նավաշինական ընկերության մամուլի ծառայությունը։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փորձարկման նախաձեռնությունը հնդկական կողմինն է եղել։

Հաղորդվում է նաև, որ ավիակիրն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանից Հնդկաստան տեղափոխման ընթացքում և հիմա ակտիվ վիճակում է։ Այս ընթացքում հնդիկ օդաչուները ռուսաստանցի մասնագետների օգնությամբ թռիչքներ են իրականացնում ավիակրի տախտակամածից։

Հավելենք, որ ռուս-հնդկական համատեղ որոշմամաբ  ռուսական կողմն ավիակրի երաշխիքային սպասարկման համար Հնդկաստանում իր խումբն ունի, որի սպասարկման ժամկետն ավարտվելու  է 2014 թվականի նոյեմբերի 16-ին։ Չնայած մեկ տարվա երաշխիքային սպասարկմանը, հնդկական կողմն առաջարկել է պայմանագիր կնքել, ըստ որի՝ ռուսաստանցի մասնագետները կապահովեն ավիակրի երաշխիքային սպասարկումը  նավի շահագործման ողջ ընթացում, այսինքն՝ 20 տարի։ Այս հարցը դեռևս պիտի քննարկվի մայիսին կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Վիկրամադիտիան առանց սպառազինության և ինքնաթիռների Հնդկաստան է հասել 2014 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ «Վիկրամադիտիա» անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից չի բավարարել պատվիրատուի պահանջներին ու տարվել է վերանորոգման։

Նավի հանձնումը Հնդկաստանին հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

Վիկրամադիտիան թեթև ավիակիր է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *