Սինգապուրը կարող է Իգլա-Ս համալիրներ գնել Ռուսաստանից

Ռուսաստանյան «Գերճշտգրիտ համալիրներ» կոնստրուկտորական բյուրոյի մեքենաշինության բաժանմունքի ղեկավար Գեորգի Վասիլյովը 2014-ի ապրիլի 23-ին հայտնել է, որ առաջիկայում Սինգապուրը հնարավոր է հակաօդային պաշտպանության Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ գնի Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Իգլա համալիրն իր հրթիռով

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրն իր հրթիռով

Վասիլյովը նշել է, որ համագործակցությունը Սինգապուրի հետ բավական խորն է և վերջինս սպառազինության մի շարք տարատեսակներ է գնել ռուսաստանյան կողմից։ Խոսելով դյուրակիր զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին՝ բաժանմունքի պետը նշել է, որ Սինգապուրի զինված ուժերում ներկայումս կիրառվում են Իգլա-ները, որոնք Իգլա-Ս-ի (ռուս.՝ Игла-С) հին մոդիֆիկացիաներն են։

Տարբերությունները Իգլա ԶՀՀ-ի և դրա «Ս» մոդիֆիկացիայի միջև բավական զգալի են և դրանք վերաբերում են հիմնականում մարտավարատեխնիկական տվյալներին։ Այսպես, ի տարբերություն իր նախորդի, Իգլա-Ս-ն օժտված է հրթիռի ավելի մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման ավելի մեծ հեռավորությամբ։ Զգալիորեն ավելացել է նաև հրթիռի մարտական մասի զանգվածը, ինչի շնորհիվ բարձրացել է թիրախի խոցման դեպքում դրա ամբողջական ոչնչացման հավանականությունը։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում դյուրակիր այս ԶՀՀ-ների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք արտերկրյա գնորդներ։ Դրանց թվում են Թուրքիան, Մալայզիան և Եգիպտոսը, իսկ 2014-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Բրազիլիան Ռուսաստանից մտադիր է ստանալ Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ-ի արտադրության արտոնագիր։

Հակաօդային պաշտպանության Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար: Ներկայումս այս ԶՀՀ-ն շահագործվում է աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *