Կարևոր է, որ վախը սարսափի չվերաճի. Մի նկարի պատմության մասին պատմում է Ապրես Զոհրաբյանը

Արցախյան պատերազմի ժամանակ արված լուսանկարներն այսօր Ռազմինֆոյի ուշադրության կենտրոնում են։ Տարիներ անց նկարի հերոսներն իրենք են պատմում պատերազմի ու դրա լավագույն դրվագների մասին։ 

Ազատամարտիկները հանգստի սենյակում 1991 թվական, դեկտեմբեր

Ազատամարտիկները հանգստի սենյակում
1991 թվական, դեկտեմբեր

Այս անգամ մեր զրուցակիցն ազատամարտիկ Ապրես Զոհրաբյանն է։

«Վերևում Արամն է Մանուչարյան, Դուշման Վարդանն է, պառկածը Վարդան Բախշյանը, աջ կողմում Արշակ Հայրյանն է, մյուս երեք տղաները տեղացիներ են, չեմ ճանաչում, միայն այդ օրն եմ տեսել։ Իրենք մեր ջոկատից չէին։
1991 թվականի դեկտեմբերի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում է, հավանաբար 9-10-ն է։ Հիշում եմ, որ Արցախի անկախության հանրաքվեի ժամանակ այդտեղ էինք։ Մեկ այլ բան, որ ինձ հուշում է Վարդան Բախշյանի մահվան օրն է, նա դեկտեմբերի 16-ին զոհվեց։

Սա Ստեփանակերտի Արմենավան թաղամասն է։ Նոր թաղամաս էր, բնակեցվել էին Բաքվից եկած գաղթականները։ Ինչպես գիտենք Բաքվում կար Էրմենիքենդ (ադրբեջաներեն՝ Ermenikənt), հայկական թաղամաս կամ գյուղ, այդպես էլ այդ թաղամասի անունով հայկականացրել էին և դրել Արմենավան։ Արմենավանից քիչ վերև ադրբեջանական Կրկժան բնակավայրն էր, որտեղից ավտոմատային կրակահերթով կարելի էր խոցել Ստեփանակերտի բնակելի շենքերը։
Մեր դիրքերը տեղակայված էին Կրկժանի վերևում, որ Ստեփանակերտի վրա չկրակեին, ինչպես նաև լռեցնելու էինք այդտեղի հենակետերը։

Այս նկարը հանգստի սենյակում է արված։ Մի մասը դիրքեր էր բարձրանում, մյուս մասը հանգստանում էր։ Եթե չեմ սխալվում Արշակի ֆոտոխցիկն էր, բայց նկարողն ուրիշ էր։ Նկարը պատահաբար է հայտնվել ինձ մոտ»,- պատմում է Ապրես Զոհրաբյանը։

Ապրես Զոհրաբյան

Ապրես Զոհրաբյան

Այնուհետև սկսում ենք զրուցել, թե ինչպես երիտասարդ ազատամարտիկը հայտնվեց Արցախում ու ինչպիսին էր ընտանիքի կարծիքը։

«Մենք Արցախ գնացինք 1991թ նոյեմբերի 29-ին կամ 30-ին որպես այդպիսին բանակ դեռ չկար։ ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգընթաց հասկանալի էր, որ պետք է սաստկանար Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները։ Ադրբեջանաբնակ գյուղերում ռազմականացված միավորներ կային, իսկ այստեղից կամավորական ջոկատներ էին մեկնում Արցախ։ Եթե մինչև այս Արցախ թաքուն էին գնում, ապա մենք զինվորական հագուստով մտանք Ստեփանակերտ, այդքան էլ չէին շեշտում դա, բայց տեսան, որ հայերն ադեն Ստեփանակերտում զինված են։
Մեր ջոկատը կազմավերվել էր ՀՅԴ-ի ղեկավարությամբ, մոտավորապես 35 հոգի էինք, մեկնել էինք տարաբնույթ ռազմական առաջադրանքներ կատարելու, որոնցից մեկն էլ ադրբեջանաբնակ գյուղերում ռազմական միավորումների ոչնչացումն էր։

Արդեն սկսվել էր Արցախյան շարժումը, կար խնդիր, որ լուծում էր պահանջում, մենք էլ ներգրավվելով Դաշնակցության ջոկատներին, որոշակի նախնական պատրաստվածություն անցնելով մեկնեցինք Արցախ։ Այս ջոկատի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր, բայց պատասխանատուների թվում էին նաև Արամ Մանուչարյանը, Վարդան Ստեփանյանը, որովհետև իրենք արդեն որոշակի փորձառություն ունեին։ Իսկ մեզնից մեծ մասն անփորձ էր, ուսանողներ էինք։

Ընտանիքում այնպես չէր, որ «հա տղա ջան, գնա, քո հայրենիքն է», բայց արգելք էլ չի եղել։ Ինձ մոտ տպավորվել է, որ մամաս տեղը տեղին հարթուկում էր շորերս, որ ամեն ինչ նորմալ լիներ»,- շարունակում է ազատամարտիկը։

Ազատամարտիկների հետ խոսելիս միշտ հետաքրքրվում ենք նրանց առաջին մարտի պատմությամբ։

Առաջին մարտ

«Առաջին փոխհրաձգությունը եղել է Կրկժանի մոտ։ Ինձ մոտ այն իրավիճակն էր, որ չէի կարողանում պատկերացնել, թե որտեղից են գալիս փամփուշտները։ Մի տեսակ ուզում ես 3D-ով պատկերացնել, թե որտեղ ես։ Իսկ վախը բնական զգացողություն է, բայց կարևոր է, որ այն չվերաճի սարսափի։ Սկզբից վախի զգացողություն է գալիս, հետո անցնում է։ Ինձ մոտ սարսափի չհասավ։ Վախը մեր այն վիճակն է, երբ միտքը գնում է ապագա, իսկ երբ միտքը ներկայում է, վախ չկա։ Կռվի դաշտում դու պետք է 100 տոկոս զգոն լինես։

Իսկ ահա ամենաչարքաշը Շուշին ազատագրելու ժամանակ էր, որովհետև օրերով զենքները ձեռքներիս անտառներով քայլում էինք։ Այնքան ծանր էր, որ երբ նստում էիր, ուզում էիր անմիջապես քնել։ Ես Ժիրայր Սեֆիլյանի ուղղության խմբի մեջ էի»,- հիշում է Ապրես Զոհրաբյանը։

Խնդրում ենք նաև ինչ-որ հետաքրքիր դեպքեր պատմել այդ տարիներից։

«Ինձ որ ասում են՝ հիշել պատերազմական հուշեր, ինձ մոտ վերհուշ չի լինում, երևի այդքան չեմ ծերացել։ (Ժպտում է) Ենթագիտակցությունս վեր չի հանում, պահել է իր խորքում»,- ավարտում է ազատամարտիկը։

Նկարները՝ Ապրես Զոհրաբյանի անձնական արխիվից

One response to “Կարևոր է, որ վախը սարսափի չվերաճի. Մի նկարի պատմության մասին պատմում է Ապրես Զոհրաբյանը

  1. Pingback: «Սահմանին կարող են ձեռնարկվել առավել գործուն միջոցառումներ». ռազմական փորձագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *